Լեւոն ՏԵր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ այսօրվա նախընտրական հանդիպումներին։
Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում մարալիկցիներին շնորհավորեց Աշխատավորների միջազգային օրվա առիթով։
«Ափսոս, որ հիմա աշխատավորների դեֆիցիտ ունենք: Հայաստանի քաղաքացին այսօր ստիպված է աշխատել ՀՀԿ-ի ու կոալիցիայի դրոշի ներքո: Ընդդիմադիր մարդիկ կամ գործազուրկ, կամ գաղթական են դառնում», - ասաց նա: Արամ Սարգսյանի խոսքերով, խնդիրը կարելի է լուծել միայն ազատ ընտրոությունների միջոցով. «Հայաստանը չի կարող հետխորհրդային այլ երկրների նման Լուկաշենկոյի, Նազարբաեւի, Քարիմովի կամ Ալիեւի նման ցմահ նախագահներ, կամ Ռուսաստանի նման՝ փոխանցիկ նախագահներ հանդուրժել: Մեր ժողովուրդն իմաստուն է, նա անպայման ճիշտ ընտրություն կկատարի: Պետք է միայն, նրան ընտրության հնարավորություն տալ», - նշեց նա՝ հորդորելով մայիսի վեցին քվեարկել Հայ ազգային կոնգրեսի ու թիվ 36 ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկկավար Պետրոս Մակեյանի օգտին։
ՀԺԿ Նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, որ երկրում գոյություն ունեցող աղքատության, կոռուպցիայի, արտագաղթի պատճառը համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Ըստ նրա, պատճառը արմատացած քրեաօլիգարխիկ համակարգն է, որի գոյության երաշխավորը գործող իշխանություններն են:
Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը համալրել է հայաստանցի միլիարդատերերի շարքերը: «2 միլիարդանոց տղա է»,- ասաց նա:
Նա Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագրից կետեր էր ընթերցում ու հարցնում էր հավաքվածներին՝ կատարե՞լ է:
«Մենք էլ սուրբ չենք եղել, մեզ էլ շատ բան չի հաջողվել, բայց մենք էսպիսի բաներ չենք արել, ժաղավուրդ»,-ասաց նա
Հրապարակից մեկը վրա բերեց՝ «Դուք էլ մի բարի պտուղ չեք եղել»: Հրանտ Բագրատյանը նրան հրավիրեց հարթակ՝ արտահայտելու իր տեսակետը: Մարդը հարթակ բարձրանալու փոխարեն արագորեն հեռացավ հրապարակից:
Մարալիկում ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչ Բաբկեն Ուռուտյանը հայտարարեց, որ իշխանությունների գործունեության հետեւանքով քաղաքը մեռնում է: Նրա խոսքերով, վերջին չորս տարվա ընթացքում փակվել են մի շարք պետական մարմինների՝ հարկային տեսչոության, պետռեգիստրի, կադաստրի կոմիտեի քաղաքային մասնաճյուղերը: 2008-ից փակվել է քաղաքի հիվանդանոցը եւ չի գործում մինչ օրս՝ չնայած մարզպետի ու քաղաքապետի խոստումներինն, թե 2011-ին հիվանդանոցը պետք է վերաբացվի:
Մարալիկից ՀԱԿ պատվիրակությունը մեկնեց Արթիկ: Արթիկում մի քանի երեխաներ մոտեցան Գագիկ Ջհանգիրյանին ու հարցրին՝ «Համերգ չե՞ք բերել»: Երբ Ջհանգիրյանը բացասական պատասխան տվեց, երեխաները տխրեցին՝ «Բա ինչի՞ , Սերժ Սարգսյանը գուքա. հետը համերգ կբերե»:
Ի դեպ, Արթիկում հանրահավաքի մեկնարկից առաջ պարզվեց, որ բարձրախոսները սնուցող հոսանքագիծը վնասված է՝ հոսանք չկար: Բարձրախոսները հաջողվեց միացնել շարժական էլեկտրակայանի («դվիժոկ») միջոցով
Շիրակի մարզում ՀԱԿ հանդիպումներում զգալի աշխուժություն է նկատվում:

