Թեկնածուի հայտարարությունը

20:24 | Մայիս 01, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը.

Սույն թվականի ապրիլի 30-ին թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում նրա հիմնական մրցակից Կարեն Կարապետյանի ծննդավայր Լեռնահովիտ գյուղ ուղևորվելու ճանապարհին նրա և ուղեկցող ավտոմեքենաների ճանապարհը մի քանի ավտոմեքենաներով, որոնցից երկուսը 100 ՕՕ 11, 217 LL 64 պետհամարանիշի, փակել են Կարեն Կարապետյանի որդին` Վահե Կարապետյանը և նրան ուղեկցող զինված շքախմբը՝ պահանջելով հեռանալ իրենց տարածքից:
Անուշավան Նիկողոսյանը զանգահարել է Տաշիրի ոստիկանապետ Սուքիասյանին խնդրելով միջոցներ ձեռնարկել Կարապետյանի որդու սադրանքների դեմ: Սակայն կարճ ժամանակ անց համոզվելով, որ վերջինս իզորու չէ որևէ միջամտություն ցուցաբերել Կարեն Կարապետյանի խանության դեմ, անկանխատեսելի միջադեպից խուսափելու նպատակով հարկադրված վերադարձել է Ստեփանավան:
Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Այս ամենը շարունակվում է հիմնականում այն պատճառով, որ սույն թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո հանցանք կատարած Տաշիրի քաղաքապետը չենթարկվեց պատասխանատվության: Ինչն էլ Կարեն Կարապետյանին վստահություն ներշնչեց, որ իր խանության տարածքում ցանկացած արարքի համար ինքը անպատժելի է մնալու:

Այս ընթացքում Անուշավան Նիկողոսյանը բացի ընտրատարածքում կիրառվող սադրանքներից ու բռնություններից ապօրինաբար զրկվել է հեռուստաեթերից: Ապրիլի 22-ին երբ թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանը Կենտրոն հեռուստաընկերության եթերում պայմանագրով իրեն տրված վճարովի եթերաժամանակի ընթացքում բանավեճի է հրավիրել իր մրցակից Կարեն Կարապետյանին, երկու օր անց անսպասելի դադարեցվել է պայմանագրով սահմանված նրա քաղաքական գովազդի հեռարձակումը Կենտրոն հեռուստաընկերության եթերում: Հեռուստաընկերության տնօրինությունն որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, միայն ասելով, որ պատրաստ է գումարը ետ վերադարձնել, քանի որ իրենք չեն կարող գովազդը շարունակել:

Հաշվի առնելով Կարեն Կարապետյանի և Կենտրոն հեռուստաընկերության սեփականատիրոջ մտերիմ անձնական հարաբերություններն արդյունքում տրվել է Անուշավան Նիկողոսյանին ապօրինի եթերազրկելու քաղաքական պատվեր:
Կենտրոն հեռուստաընկերության ապօրինի գործողությունների վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացվել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

Փաստորեն Կարեն Կարապետյանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր անթույլատրելի միջոցները Տաշիրի տարածաշրջանում բնականոն քարոզարշավը դիտավորությամբ տապալելու նպատակով, որում ներքաշված են ԷԳԱ ՍՊԸ-ից մինչև Կենտրոն հեռուստաընկերությունը, քանզի ցանկացած այլընտրանք Կարեն Կարապետյանի կողմից դիտարկվում է որպես խորը անձնական թշնամանք:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100