Այն կուսակցությունը, որը գրավում է մարդկանց քվեները միայն նյութականով, այլ ոչ գաղափարներով ու ծրագրերով, փչացնում է թե՛ ինքն իրեն, թե ազգն ու հասարակությունը։ Նման կարծիք այսօր հայտնեց ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը։
«Արամ Մանուկյան» կենտրոնում երիտասարդության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կուսակցական «բարեգործության» խնդրին, պարոն Հովհաննիսյանը բացատրեց, թե որքանով է վնասակար նախընտրական բարեգործությունն ու ընտրակաշառք վերցնելը։
«Պատգամավորն ընտրվում է հինգ տարով՝ 1825 օրով։ Եթե դուք պատգամավորի տված 15-20 հազար դրամը բաժանեք այդ օրերի քանակին, կստացվի, որ նա ձեզ օրը 10 դրամ վճարեց։ Երիտասարդի համար ամենաթանկ ու կարեւոր 1825 օրերի, հինգ տարվա ընթացքում ձեր ճակատագիրը լուծելու են մարդիկ, ովքեր ձեզ արդեն վճարել են օրական 8-10 դրամ ու ձեր ճակագրի վրա այլեւս թքած ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դուք ինքներդ թքեցիք ձեր ճակատագրի վրա, ձեր քվեն վաճառելով»,-ասաց նա։
Վահան Հովհաննիսյանը քննադատեց «տրանսպորտի հարց լուծող, ակնոց ու գյուղատնտեսական տեխնիկա բաժանող» կուսակցություններին։
«Կուսակցությունը բարեգործական ֆոնդ չէ։ Պատկերացնենք, որ մի կուսակցություն ղեկավարում է մի մեծահարուստ միլիոնատեր, որն իր գրպանից լուծում է ինչ-որ սոցիալական հարցեր, տրանսպորտի խնդիր է լուծում, ակնոց է բաժանում, տուկի թել կամ չգիտեմ ինչ։ Պատկերացրեք, եթե էդ կուսակցությունը ներքին դեմոկրատիա ունենա, ու երկու-երեք տարի հետո կուսակցությունն ունենա համագումար, եւ կուսակցության ղեկավար ընտրվեն ուրիշ մարդիկ, որոնք միլիոններ չունեն։ Որտեղի՞ց են տուկի թել բաժանելու։ Կամ էլ, ի վերջո, ոչ ոք 400 տարի չի ապրելու։ Ոչ մի կուսակցապետ ագռավ չի։ Մի օր մեռնելու են։ Հետո ի՞նչ է լինելու», - հարցադրեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով, քաղաքական բարեգործությունը այլասերում է հասարակությանը, որն ի վերջո դառնում է մարդկանց մի ամբողջություն, որն անընդհատ ուզվորի նման սպասում է, որն նրան կտան։ Դադարում է աշխատել, կորցնում է աշխատանքային ունակությունները։
Ըստ Վահան Հովհաննիսյանի կուսակցությունը պետք է քաղաքական հեռանկար ապահովի ինքն իրեն եւ այն իշխանությանը, որին ձգտում է, որի դեմ պայքարում է, կամ որի մասն է կազմում։
«Կուսակցության դերակատարությունն այն է, որ իշխանություն դառնալով կամ ընդդիմության մեջ կարողանա պարտադրել պետությանը կատարել այնպիսի գործողություններ, որը հնարավորություն կտա բոլոր քաղաքացիներին ունենալ ե՛ւ տուկի թել, ե՛ւ ակնոց, ե՛ւ մատչելի տրանսպորտ։ Սա է ճիշտ ճանապարհը», - ասաց նա՝ նշելով, որ Դաշնակցությունն այդ ճանապարհի վրա է։

