Արեւմտյան Հայաստանի հայերի համագումարի ներկայացուցիչները նամակով դիմել են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` պահանջելով պաշտոնապես ճանաչել 1894-1923 թթ. օսմանյան, երիտթուրքական եւ քեմալական կառավարությունների կողմից հայության եւ հայկական քաղաքակրթության դեմ կատարած շարունակական ոճրագործությունը:
Նամակի հեղինակներն ընդգծում են, որ հայկական ցեղասպանությունը սկսվել է դեռեւս 1894 թ-ից` Սասունի ջարդերից: Նամակագիրները հայկական ցեղասպանությունը ներկայացնում են երեք փուլերով` 1894-1896 թթ.` համիդյան, 1909թ.` Ադանայում երիտթուրքական եւ 1915-1923 թթ.` երիտթուրքական եւ քեմալական իշխանությունների կողմից ծրագրված եւ իրականացված ջարդեր:
Ըստ այդմ՝ թուրքական հանրապետության ղեկավարությունից պահանջվում է 1894- 1923 թթ. պետականորեն ծրագրած եւ իրագործած ցեղասպանության փաստի ամբողջական ճանաչում` հիմնված պատմական եւ իրավական արխիվային փաստաթղթերի վրա:

