Գ. Ծառուկյան. "Մի խանգարեք աշխատող մարդուն"

14:30 | Մարտ 17, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուռն ծափողջյունների ներքո ԲՀԿ 6-րդ համագումարի ժամանակ ամբիոնին մոտեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ այսօր ծավալուն ելույթ չի նախատեսել, այլ կանգ է առնելու մի քանի սկզբունքային կետերի ու մասնավորապես նախընտրական ծրագրի կետերի վրա: Նրան հիմնականում մտահոգում էր այն, թե ինչու են Հայաստանից դուրս ապրող մեր քաղաքացիները լուրջ հաջողությունների հասնում, իսկ մեզ մոտ Հայաստանում` ոչ:

"Եթե մենք աշխատատեղերի խնդիրը չլուծենք, ապա չենք կարող պայքարել արտագաղթի դեմ: Դրա համար լրջագույն ներդրումներ են պետք ու չպետք է խանգարենք աշխատող մարդուն: Մեր երկրի ամենաուժեղ զենքն արժանապատիվ ապրող մարդն է, որն ունի բարեկեցիկ ընտանիք, իսկ մեր գլխավոր կարգախոսներից մեկն է` խաղաղության երկրի ներսում ու սահմաններին",- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Նա հայտարարեց, որ մայիսի 6-ի ընտրություններին ԲՀԿ-ն երբեք որեւիցե կուսակցության դեմ հանդես չի գալու թշնամանքի դիրքերից. "Մեր երկրի ներսում թշնամիներ չպետք է փնտրենք: Այս ընտրություններից պետք է դուրս գանք խաղաղությամբ, իսկ համակարգային փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը",-ասաց:

Պարոն Ծառուկյանը կարծում է, որ ընտրությունները պետք է անցնեն արդար ու թափանցիկ, արդար մրցակցության մթնոլորտում. "Եթե նման մթնոլորտ ստեղծվի, ապա որեւիցե խնդիր չի ունենա մեր երկիրը, եւ մեր քաղաքացին կզգա, որ իր քվեն պաշտպանվել է: ԲՀԿ-ն խոստանում է` դա ապահովել: Այն ուժերը, որոնք կողմ են այս սկզբուքնին, մենք նրանց մեր դաշնակիցն ենք համարում",-ելույթը եզրափակեց ԲՀԿ նախագահը:

Ելույթից հետո ներկաները ոտքի կանգնեցին ու ծափերով ճանապարհեցին նրան:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100