Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կողմ է քաղաքական սերնդափոխությանը։ Այս սկզբունքը կուսակցությունը կկիրառի նախընտրական ցուցակները կազմելիս։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ցուցակի նվազագույնը 20 տոկոսը երիտասարդներ են լինելու։
Նրա բանախոսը՝ «Ազատ դեմոկրատ» Անուշ Սեդրակյանը ավելի կարեւոր է համարում քաղաքական դաշտի ոչ թե տարիքային, այլ որակական սերնդափոխությունը։ Ըստ նրա, հայաստանյան կուսակցություններին նախընտրական ցուցակներ կազմելիս պակասում է թափանցիկությունն ու կոլեգիալությունը։
«Անհատապաշտ քաղաքականությունից անցում կատարել դեպի հանրային քաղաքականություն, որտեղ որոշողը ոչ թե լիդերներն են այլ մեծամասնությունը»,- առաջարկում է Անուշ Սեդրակյանը։
ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանն էլ նշեց, որ Կոնգրեսի համար նախընտրական ցուցակներ կազմելն ու ընտրություններին մասնակցելը սոսկ նպատակ չէ, այլ միջոց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ճանապարհին։
«Մեզ համար առավել կարեւոր է ընտրել մի մեխանիզմ, որը կտանի դեպի գլխավոր խնդրի լուծում»,- նշեց Սամվել Աբրահամյնանը։
Սահմանադրական կարգը վերականգնելու համար, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, Կոնգրեսը կարող է մինչեւ ընտրությունները հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ հասարակության ճնշման ներքո, կամ ընտրություների արդյունքում դառնալ խորհրդարանական մեծամասնություն եւ իմպիչմենտի գործընթաց սկսել։ Իսկ մինչ այդ, պարոն Աբրահամյանն անիմաստ է համարում ընտրություններն արդար անցկացնելու վերաբերյալ իշխանությունների հետ որեւէ համաձայնագիր կնքել։
«Ընտրակեղծիքի գլխավոր հեղինակը կա եւ մնում է իշխանությունը, միակ մեխանիզմը, որը կանխում է դա՝ հասարակական կարծիքն է»,- նշեց Սամվել Աբրահամյանը։

