Անցած տարի փետրվարին ստորագրված Կոալիցիոն հուշագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրերս ԲՀԿ նորաթուխ անդամ Վարդան Օսկանյանի հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համակարգող Վլադիմիր Կարապետյանից։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ անցած տարվա փետրվարին ՀՀԿ կողմից ԲՀԿ-ին պարտադրված հուշագիրը այլեւս ուժի մեջ չէ:
«Հանրապետական կուսակցությունը կաթվածահար վիճակում է: Հայաստանի յուրաքանչյուր հանրապետականի հիմա մի հարց է տանջում. ե՞րբ վերջ կտրվի այս նվաստացմանը։ Ի վերջո, այդ կուսակցությունը մի բան կարո՞ղ է որոշել, թե՞ ոչ: Կարծում եմ, շարքային հանրապետականները ստացան հերթական հարվածը»,- մեկնաբանեց Վլադիմիր Կարապետյանը։
Մեր հարցին, մի՞թե բավարար չէին Օսկանյանի հայտարարությանը հետեւած մի քանի հանրապետական լիդերների մեկնաբանությունները, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Դրանք ավելի զավեշտական են դարձնում Հանրապետականի վիճակը: Որեւէ մակարդակում ԲՀԿ-ի այդ հայտարարությունը չի հերքվել, ավելին՝ այդ հայտարարության հեղինակ Վարդան Օսկանյանը մինչ այդ շատ հստակ ասել էր, որ ունեցել է մի քանի հանդիպում ԲՀԿ առաջնորդի հետ»,- պարզաբանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:
Պարոն Կարապետյանը դատելով ՀՀԿ ճանաչելի քաղաքականության տրամաբանությունից եւ գործելաոճից, կարծում է. «ՀՀԿ այլ արձագանք չպետք է ունենար, քան արժանապատիվ կերպով ընդունել մարտահրավերը եւ համարժեք քայլերով ԲՀԿ-ական նախարարներ-մարզպետների տեղերում նշանակեր ՀՀԿ-ՕԵկ-ական կադրերին: Երկրորդ տարբերակը կլիներ այն, որ փորձեր կորզել Գագիկ Ծառուկյանի հերքումը: Այլապես անհասկանալի է. եթե ԲՀԿ-ն հայտարարում է, որ ՀՀԿ-ի կողմից այդքան կարեւորվող հուշագիրը այլեւս չի գործում, ապա ինչու՞ ՀՀԿ-ական կադրային «ոսկե ռեզերվը» չի զբաղեցնում նախընտրական այս փուլում առանցքային նշանակության նախարարական պաշտոնները»,- հարց է հնչեցնում Վ. Կարապետյանը:
Նրա խոսքերով, այս խայտառակ դրության հիմքում Հանրապետականի բարձր ղեկավարության անընդունակությունն է, որեւէ քայլ անելու անզորությունը՝ կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին որեւէ պատասխան տալու անկարողությունը։
«Հանրապետականը ակնհայտ կուլ է գնում կոալիցիոն գործընկերոջ երկրորդ ապտակին։ Առաջինը Ծառուկյանի վերաբերմունքն էր վերոհիշյալ հուշագրի հիմնական կետին, որը ուղերձ էր հասարակությանը, թե. այն այլեւս չի կարող վերահսկել իրավիճակը նույնիսկ կոալիցիայում: Պարզ է, որ նման անողնաշար կուսակցության հետ այլեւս որեւէ մեկը հաշվի չի նստի ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ, առավել եւս, ընտրություններից հետո»,- ասաց Վ. Կարապետյանը

