Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորները երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հողերը վերադարձնելու պահանջ չեն ներկայացրել
«Բոլորը հասկանում էին, որ երեք պայման կա հակամարտությունների լուծման` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ խաղաղ լուծում: Ուստի ոչ ոք պատրաստ չեղավ հակամարտության լուծում առաջարկել»,-ասաց Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն։ Հենց այս հանձնաժողովի նիստին են մասնակցում ադրբեջանցիները։
Փոխարենն, ըստ մյուս համանախագահի՝ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի, ադրբեջանցիները երեկ Ազգային Ժողովում փորձել էին խոսել այն մասին, թե ինչպես են հայերը բռնազավթել իրենց հողերի 20 տոկոսը: Եվրանեսթը, պատգամավորի կարծիքով, դրա տեղը չէ, նրանք Եվրանեսթի միջոցառմանն են, ոչ թե` Հայաստանի: Պարոն Զաքարյանը հիշեցրել է` չարժե փչացնել երեւանյան նիստը, մենք դեռ հանդիպելու ենք
«Հատկապես, որ հաջորդ պլենար նիստը, լիագումար նիստը նախատեսված է Բաքվում»,- ասաց նա։
Այսօր Երեւանում ավարտվեց Եվրանեսթի հանձնաժողովի նիստը: Բաքվում տեղի ունեցող լիագումար նիստը սպասվում է այս տարվա ապրիլին: Հայերի մասնակցության հարցը, ըստ Արտակ Զաքարյանի, դեռ հստակ չէ. «Ճիշտ կլինի մասնակցելը, որովհետեւ դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա Եվրոնեսթի միջոցառումն է»:

