Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ Զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը:
Ամեն հինգշաբթի հավաքվելով կառավարության շենքի մուտքի մոտ, նրանք ցանկանում են այդ օրը Կառավարության նիստ գումարող իշխանավորներին հիշեցնել, թե ի՞նչ է տեղի ունենում Հայոց բանակում:
«Պաշտպանության նախարարը թող տեսնի, որ ամեն օր բանակում զինվոր է մահանում: Վերջին դեպքը՝ թոքաբորբից զինվոր էր մահացել, դա էլ է սպանություն, քանի որ դիտավորյալ անուշադրության են մատնել զինվորին, այնքան տեր չեն կանգնել, որ զինվորը մահացել է: Ինչո՞ւ չէին կարող բուժել զինվորին, որ թոքաբորբից չմահանար: Սա էլ նոր ոճի սպանություն է»,- «Ա1+»-ին հուզված պատմում էր խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրդյանի մայրը` Նանա Մուրադյանը:
Այսօր «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր:
Կառավարության շենքի մոտ բողոքում էին նաև հաշմանդամ օդաչուները, որոնք վարչապետից պահանջում են լուծել փոխհատուցման հարցը և վերականգնել իրենց սահմանադրական իրավունքը:

