ՊՊԾ գնդի պետի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանն այսօր դատարանում ասաց, որ անցյալ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիակնների եւ ՀԱԿ երիտասարդների միջեւ տեղի ունեցած ընդհարման ժամանակ Տիգրան Առաքելյանը «կախվել է իր դոշերից»։
«Կախվել էր դոշերիցս, օդի մեջ էր, բայց ես ժպտում էի»,- դատարանին հայտնեց Արթուր Տեր-Պողոսյանը։
Նրա հայտարարությունը ոգեւորեց նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանին, որը ժպտալով հետաքրքրվեց. «Հետո՞։ Ի՞նքն իջավ, թե թափ տվեցիք»։
ՊՊԾ գնդի պետի տեղակալը դատավորին համոզում էր, որ օգոստոսի 9-ին ոստիկանները ոչ հայհոյել են ՀԱԿ երիտասարդներին եւ ոչ էլ հարվածել, միայն կիրառել են «սպորտային հնարքներ»։
«Մազերից քաշելն է՞լ է սպորտային հնարք»,- հետաքրքրվեց գործով ամբաստանյալ Արտակ Կարապետյանը։
Մյուս ամբաստանյալը՝ ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանն էլ փորձեց հասկանալ. արդյո՞ք իր ճակատի վերքը ոստիկանների «սպորտային հնարքների» հետեւանքով չէր առաջացել։
Տեր-Պողոսյանը բացատրեց, որ բերման ենթարկելիս իրենց գործողությունների հետեւանքով քաղաքացիների մոտ կարող են միայն կապտուկներ առաջանալ։
Նա վստահեցնում էր, որ դեպքի օրը 15 րոպե փորձել է համոզել ակտիվիստներին հեռանալ տարածքից, «բանակցություններ է վարել» նրանց հետ եւ այն բանից հետո, երբ լսել է Տիգրան Առաքելյանի՝ «զորքդ հավաքի, ռադ եղիր այստեղից» արտահայտությունը, «առավել ակտիվ երիտասարդներին բերման են ենթարկել»։
ՊՊԾ գնդի պետի տեղակալը դատարանում եկավ այն եզրահանգմանը, որ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը «միտումնավոր է եղել»։
Հետո հիմնավորեց. քանի որ մինչ Կարապի լճի շրջակայքից հատուկ մեքենայով իրենք կհասնեին ոստիկանության Կենտրոնի բաժին, լրագրողներն արդեն այնտեղ են եղել՝ լուսանկարչական ապարատներով։
Հիշեցնենք, որ ՀԱԿ 7 երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործից անջատված 4-ի՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի եւ Դավիթ Քիրամիջյանի մասով դատան հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 24-ին:

