Փոխնախարար. Նոր ՍԴՀԿ չի գրանցվել

20:55 | Փետրվար 22, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն այսօր «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ պետռեգիստրում Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ ծավալվող իրադարձություններին։
Երեկ ՍԴՀԿ մի թեւի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ու նրա կուսակից Գուրգեն Եղիազարյանը պնդում էին, թե մյուս թեւի գրանցմամբ՝ ՍԴՀԿ անունով եւ Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ, իշխանությունները նպատակ ունեն խոչընդոտել Կոնգրեսի դաշինքի կազմում իրենց մասնակցությունը խորհրդարանի ընտրություններին։

Ըստ փոխնախարարի՝ տեղի է ունեցել, ոչ թե նույնանուն նոր կուսակցության գրանցում, այլ վերագրանցվել է ՍԴՀ կուսակցությունը։ Նա, այնուամենայնիվ, «իրավագիտական էքսկուրս» կատարելով, նշեց, որ կուսակցությունների անունների գրանցման դեպքում ֆիրմային անունների մասին օրենքը չի կիրառվում։

«Ֆիրմային անվանումները կրառվում են առեւտրային կազմակերպությունների դեպքում։ Պարզ է, որ արգելվում է լրիվ նույն անուններով երկու կուսակցությունների գոյությունը։ Չենք կարող ունենալ, օրինակ, երկու Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն։ Բայց կուսակցությունների անուններում որպես կանոն, արտացոլվում է նրանց դավանած քաղաքական ուղղվածությունը։ Եթե մենք նայենք, համաշխարհային պրակտիկայում էլ կան նմանատիպ տարբեր անուններ։ Եվ համապատասխանաբար՝ որոշակի իրարից տարբերվող, բայց նաեւ իրար որոշակի նման անուններով կուսակցություններ արտահայտությունը չի կարող դիտվել որպես սահմանափակում»,- ասաց նա: Որպես հստակ օրինակ, փոխնախարարը նշեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունների գոյությունը։

Դիտարկմանը, թե ընտրությունների շրջանում ընտրողներին այդ նմանությունը կարող է շփոթեցնել, փոխնախարարը պատասխանեց. «Նախընտրական գովազդներում կուսակցությունները սովորաբար հստակ ասում են«ես այսինչ համարն եմ։ Այսինքն, մեծ մասը անունին էլ չին այում, եւ քվեարկում է համարի տակ»։
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ վերագրանցմանը, ապա, ըստ Արամ Օրբելյանի, տեղի է ունեցել կուսակցության համագումար, որի ժամանակ ուղղակի ընտրվել է նոր ատենապետ։«Բերվել են գրանցման փաստաթղթեր եւ գրանցումը տեղի է ունեցել, քանի որ ռեգիստրում փաստաթղթային փաթեթը ամբողջությամբ տեղում է եղել, թերություններ չի եղել»
Պարոն Օրբելյանի խոսքերով, Լյուդմիլա Սարգսյանի բողոքի հիման վրա հարուցվել է վարույթ եւ «եթե տվյալ փաստերն իրական են եւ համապատասխանում են իրականությանը, ապա գրանցումը տեղին է եղել, եթե կպարզվի, որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցման մասին վարչական որոշումը կվերացվի եւ նախկին ատենապետը կվերականգնվի»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100