ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակել է Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման» առաքելության արդյունքները:
Արձանագրելով, որ իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն եւ նորմալ հունով, ԺՀՄԻԳ-ը միաժամանակ նշել է, որ Հայաստանի քաղաքական մթնոլորտը բնորոշվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ խորը անվստահությամբ, ինչը արտացոլվում է առաջիկա ընտրությունների վերաբերյալ նրանց սպասելիքներում:
Հայաստանի լրատվական դաշտը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բազմաթիվ զրուցակիցների կողմից բնորոշվել է որպես «կողմնակալ»:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է ընտրարշավի լուսաբանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պատասխանատու մարմինը: Բայց դեռ հստակ չէ, թե ինչպես է հանձնաժողովը վերահսկելու Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, որոնք հատուկ պարտավորություններ ունեն պաշտոնական քարոզարշավի ժամանակ», - նկատում են զեկույցի հեղինակները:
Ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները արտահայտել են թափանցիկ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղեկացնում է, որ երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է հետեւեն թեկնածուների գրանցման գործընթացին, ընտրարշավին, իսկ կարճաժամկետ դիտորդները կհետեւեն քվեարկությանը, հաշվարկին եւ արդյունքների ամփոփմանը:
«Հայաստանի իշխանությունները պաշտոնապես տեղեկացրել են, որ հրավերը կուղարկվի ընտրությունների եւ քարոզարշավի ժամկետների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո», - նշված է փաստաթղթում:

