Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի եղբորը` Արթուր Դանիելյանին երեկ տուգանել է ոստիկանությունը:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` երեկվա ՏԻՄ ընտրություններից հետո` կեսգիշերին մոտ, Արթուր Դանիելյանն իր մտերիմների հետ 4 ավտոմեքենաների շարասյունով երթ է կազմակերպել՝ ազդանշաններ տալով անհանգստացրել հրազդանցիներին:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են անկարգությունը: Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն եւ Արթուր Դանիելյանը տուգանվել է։
Բացի այդ, անկարգության հեղինակները ուշ գիշերին տոնելով իր եղբոր հաղթանակը, հրավառություն են կազմակերպել: Այս փաստի առնչությամբ, ինչպես հաղորդեց Արմեն Մալխասյանը, եւս կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն եւ ուղարկվել Հրազդանի քաղաքապետարան` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Մեր տեղեկություններով՝ նա կտուգանվի 5-10 հազ դրամով։

