«Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին»,-երեկ Հանրապետության 9 մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն այսօր այսպես գնահատեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Իրականում ընտրությունները կազմակերպվեցին ընտրական օրենսգրքի պահանջներին, տառին եւ ոգուն լիարժեք համապատասխան»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Մուկուչյանը։
Ըստ նրա, որոշ խախատումներ եղել են միայն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Սակայն ԿԸՀ նախագահն այդ խախտումներին տվեց մասնագիտական գնահատական. «Ես որպես իրավաբան լուրջ չեմ վերաբերում»,-ասաց։
ԿԸՀ նախագահը մանրամասնելով այդ խախտումները, նշեց, որ մի դեպքում քաղաքացին այլ անձի անձնագրով է փորձել քվեարկել, մեկ այլ դեպքում՝ ընտրողը սթափ վիճակում չի եղել: «Որը քվեարկելուց հետո չի ցանկացել դուրս գալ ընտրական տեղամասից»,- պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը։
Նա այսօր հերքեց այն լուրերը, թե. Հրազդանի քաղաքապետի ընտրություններում համատարած ընտրակաշառք է բաժանվել:
Ինչ վերաբերում համացանցում տարածված այն տեսանյութին, որում հրազդանցի մի կին հենց ընտրատեղամասում պահանջում էր իրեն խոստացած 5 հազարը՝ Արամ Դանեիլյանին ընտրելու համար, ԿԸՀ նախագահը նշեց. «Համապատասխան ստուգումներ են անցկացվում»։
Պարոն Մուկուչյանն այսօր անդրադարձավ նաեւ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսանի այն հայտարարությանը, թե. մինչեւ ընտրությունների մեկնարկը որոշ տեղամասերում կնիքներն արդեն թաց էին:
«Դրանց թաց լինելու հետ կապված որեւէ խոչընդոտ չի կարող առաջանալ եւ անգամ ամենամեծ ցանկության պարագայում դա չի կարող որեւէ կերպ նպաստել որեւէ ընտրախախտման»,- բացատրեց ԿԸՀ նախագահը։
Բլոր համայքններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապակվեն 5 օրյա ժամկետում՝ մկինչեւ փետրվարի 17-ը:
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն նաեւ որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, համաձայն որոնց, 2012թ. փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ անցկացվել են 40 համայնքներում, որոնցից 37-ում` համայնքի ղեկավարի, 3-ում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ արտահերթ ընտրություններ անցկացվել են 2 համայնքում: Համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 83 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու է գրանցվել 61 քաղաքացի, որոնցից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը:

