«Հրազդանում որեւէ ընտրության ընտրողների մասնակցության փաստացի թիվը երբեք չէր գերազանցել 21-22 հազարը։ Երեկ՝ քաղապետի ընտրությանը գրանցվել է աննախադեպ՝ 25 480 ընտրողների մասնակցություն։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, որ գործի է դրվել ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիա, նոր մեթոդ՝ պետական մակարդակով»,- «Ա1+»-ին հայտնեց Հրազդանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Ավագումյանը։
Մեր հարցին, թե. ընտրակեղծիքների ի՞նչ նոր տեխնոլոգիայի մասին է խոսքը եւ ի՞նչ հին ձեւեր է գրանցվել այս անգամ, պարոն Ավագումյանը պատասխանեց. «Ընտրություններն առհասարակ անցել են համատարած ընտրակեղծիքներով, որոնք հիմնականում եղել են երկու բնույթի՝ կեղծ կամ ուրիշի, միգուցե նաեւ հանրապետությունից կամ քաղաքից բացական ընտրողների փոխարեն քվեարկելու տարբերակը եւ ընտրակաշառքը»։
Մեր հաջորդ հարցին՝ բողոքարկելո՞ւ են արդյոք ընտրությունների արդյունքները, Հակոբ Ավագումյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում պետական կառույցների ղեկավարների իմացությամբ եւ թողտվությամբ։ Այդ տեսակետից անիմաստ եմ համարում բողոքարկելը, իսկ առհասարակ Սասուն Միքայելյանի շտաբը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Հարցը պետք է քննարկվի»։

