ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստանի 42 համայքներում երեկ անցկացված ՏԻՄ ընտրությունները եղել են արդար ու թափանցիկ, խախտումներ չեն արձանագրվել, եւ անգամ լրատվամիջոցները ոչինչ չեն հրապարակել:
Ինչ վերաբերում է Հրազդան քաղաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, ապա դրանք Գալուստ Սահակյանի համար «հրաբխի կարգավիճակ չունեին»:
Հայաստանի քաղաքագետների միության "Պոլիտլոգոս" ակումբում ընտրությունների թեմայով հերթական լսումների ժամանակ,սակայն, նա անկեղծացավ, որ ընտրակեղծիքների հետ կապված ինքն այնքանով է ինֆորմացիային տիրապետում, որքանով իրեն զեկուցել են:
«Դա հայկական ցավի նման մի բան է` պարտվող կողմը ոչ թե մտածում է, որ պայքարը շարունակվում է, այլ շատ ցավոտ է տանում պարտությունը եւ հազար ու մի բան կարող է ասել: Սակայն իրավական տեսանկյունից գոնե Հրազդանից ես տեղյակ չեմ»,- նշեց պարոն Սահակյանն` ավելացնելով, որ ընտրակեղծիքների մասին հայտարարությունները պետք է ընկալել իբրեւ մեր մենթալիտետին հատուկ խոսակցություններ:
Ինչ վերաբերում է ընտրակաշառք բաժանելու մասին տեսանյութերին, Գալուստ Սահակյանը համոզված է, որ դրանք ընդամենը սադրանք են. «Միգուցե ինչ-որ մի թիմ էլ կա կաշառք է տվել, նկարվել է, որ ասի, իրոք, վատ ընտրություն է, բայց ընդհանուր առմամբ, որակի տեսանկյունից ասեկոսեների մակարդակից, որ դուրս ենք գալիս, դա բավական դրական ընտրություններ էին»:

