«Ավելի ենք հեղինակազրկելու ԱԺ-ը»

12:24 | Փետրվար 13, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուրիշի փոխարեն քվեարկող պատգամավորներից մեկը պատգամավորի էթիկայի կանոնները սահմանող նախագծի հեղինակներից մեկն է, - «Խորհրդարանական շաբաթ՚ հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է կանոնակարգ-օրենքի փոփոխության նախագիծ, որի մի հոդվածը` պատգամավորի էթիկայի կանոնները վերնագրով, պատգամավորի ամենօրյա վարքագծին ներկայացվող պահանջներն են` պատգամավորներն անհարգելի չբացակայեն, հարգեն եւ ենթարկվեն օրենքին, որն արգելում է միմյանց փոխարեն գրանցվելն ու քվեարկելը, հարգեն հանրության բարոյական նորմերը, հարգալից վերաբերմունք դրսեւորեն միմյանց նկատմամբ, չզբաղվեն ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անահիտ Բախշյանը չի հասկանում՝ ի՞նչ է փոխվելու այս օրենքն ընդունելով:

«Այսօրվա ԱԺ-ում գործող կոալիցիոն պատգամավորների մի մասը` հատկապես մեծամասնականով ընտրված, ընտրությունների ժամանակ այլ մեխանիզմ, քան կաշառք բաժանելու միջոցով ձայները առնելը, չեն պատկերացնում, որովհետեւ քաղաքացու ընտրելու անձեռնմխելի իրավունքի` քվեարկության նկատմամբ ունեն այնպիսի վերաբերմունք, ինչպիսին դրսեւորում են այս դահլիճում:

Կամ, այսօր էլ գործող պատգամավորներից շատերը, ովքեր հասարակությանը հայտնի են ձեռնարկատիրական գործունեությամբ, հայտարարում են, որ իրենց անունով բիզնես չունեն կամ, որ այն հանձնել են հավատարմագրային կառավարման»,- ասաց նա՝ եզրակացնելով՝որ , այս օրենքի ընդունմամբ ոչինչ չի փոխվի։
«Հետո էլ ասելու ենք.«ուզում էինք լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ» եւ ցավոք, ավելի ենք հեղինակազրկելու Ազգային ժողովը, այսինքն` պետությունը»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100