Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ժամը 16-ի դրությամբ նկատվում է ընտրողների որոշակի ակտիվություն: 27 ընտրատեղամասերից մեծ մասում արդեն քվեարկել են ընտրողների մեկ երրորդը: Որոշ տեղամասերում, նույնիսկ՝ կեսից ավելին:
Քվեարկության ընթացքում թեկնածու Սասուն Միքայելյանի, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների երկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել:
Մասնավորապես, 25/21 տեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձ, ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նույնիսկ մի քանի անգամ զգուշացնելուց հետո, տեղամասում միաժամանակ ներկա են թեկնածու Արամ Դանիելյանի վստահված անձինք: Դանիելյանի վստահված անձանցից մեկն էլ քվեարկությանը հետեւում էր առանց անձը հաստատող տարբերանշանի, եւ միայն մի քանի անգամ զգուշացվելուց հետո փակցրեց այն:
Ի դեպ, Հրազդանի տեղամասերում շրջող Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղեկություններ են հավաքում կատարվող ընտրախախտումների վերաբերյալ:

