ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունում է ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու մասին ԵԱՀԿ-ի գործող նախագահ Իմոն Գիլմորի հայտարարությունը: «Մենք շատ ուրախ են, որ ԵԱՀԿ նախագահն ամեն ինչ անելու է, որպեսզի ԼՂ հիմնախնդիրը կարգավորվի: Նա այս հարցում միայն մեկ բան կարող է անել՝ պարտադրել Ադրբեջանին, որպեսզի ստորագրի եւ ընդունի ԼՂՀ գոյությունը»,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Շարմազանովը:
Իսկ արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահը գիտակցում է, որ միայն մեկ բան կարող է անել. «Ա1+»-ի հարցին՝ պարոն Շարմազանովը պատասխանեց. «Ես նրան հուշում եմ»:
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորն իր զեկույցում ողջունելով ԼՂ հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերը՝ հույս է հայտնել, որ այս տարի առաջընթաց կարձանագրվի:
Քաղաքագետ, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ԵԱՀԿ նոր նախագահի հայտարարությունը գնահատում է այսպես «Դա իր պարտականությունն է՝ ձգտել, որ հակամարտություններում առաջընթաց լինի, այլ հարց է, որ ամեն գործող նոր նախագահ նույն բանն է ասում, սակայն գործը մնում է բացառապես Մինսկի խմբի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախասիրությանը»:
Պարոն Մելիքյանը կարծում է, որ ԵԱՀԿ գործող նախագահի ակնկալած արաջընթացը հստակ չի ձեւակերպված. «Այստեղ ցանկացած բան կարելի է համարել առաջընթաց՝ անգամ առաջընթացի բացակայությունը: Այն, որ բոլորը ցանկանում են մի բան փոխել ԼՂ բանակցային գործընթացում եւ իրենց անունը գրել պատմության մեջ, դա միանշանակ է եւ բնական»:
Ըստ Արման Մելիքյանը, մի գուցե ձեւականորեն Մինսկի խումբը ընկալվում է որպես ԵԱՀԿ, սակայն. «Մինսկի խումբը դա ԱՄՆ-ն է, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, որոնք երեքն էլ տարածաշրջանում կարեւոր շահեր ունեն: Նրանք, ըստ էության ոչ թե միջնորդներ են, այլ գործընթացի ակտիվ մասնակիցներ եւ շահագրգիռ կողմեր»:

