Յուլիա Տիմոշենկոյի դուստրը՝ Եվգենիա Տիմոշենկոն բողոք է ներկայացրել Ուկրաինայի դատախազությանը, բանտում իր մորը կտտանքների ենթարկելու փաստի առիթով գործ հարուցելու պահանջով,- տեղեկացնում է УНИАН գործակալությունը։
«Ես իմ բողոքում հայտնել եմ մորս հանդեպ բանտում իրականացվող հանցագործության մասին։ Մորս, որը չի կարողանում քայլել և անդադար ցավերի մեջ է՝ ստիպում են կատարել ծանր ֆիզիկական աշխատանքներ ու վարժություններ»,- հայտարարել է Եվգենիա Տիմոշենկոն։
Նա ասել է, որ բժիշկները կեղծում են մոր առողջական վիճակի մասին իրական տվյալները։
«Երբ մայրս օրվա մեջ 2 ժամ գիտակցության կորուստ է ունենում, հաջորդ օրը բժիշկները հավատացնում են, որ նման բան չի եղել»,- նշել է Տիմոշենկոյի դուստրը։
Դատախազությանը հասցեագրված բողոքում Եվգենիա Տիմուշենկոն պահանջել է անջատել մոր բանտախցում օր ու գիշեր վառվող լույսը։
«Նրանք մարդուն տանջում են լույսով և անընդհատ հետևում են տեսախցիկով։ Ես հույս ունեմ, որ դատախազությունը քրեական գործ կհարուցի իմ թվարկած փաստերի առիթով»,- ասել է Եվգենիան։
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին «Նարնջագույն հեղափոխության» խորհրդանիշը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։

