Իրանի դեմ պատերազմի ձգտող Արեւմուտքը անխուսափելիորեն կբախվի Ռուսաստանի եւ Չինաստանի դիմադրությանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ արտահայտեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Ըստ նրա, իրանական հարցում Ռուսաստանի առերեւույթ պասիվությունը ժամանակավոր բնույթ է կրում։
«Եթե ռազմական գործողությունների նախապատրաստումը հասնի կրիտիկակական կետի, Ռուսաստանը կօգտագործի այն հանգամանքը, որ միջուկային տերություն է, եւ համապատասխան դիվանագիտական գործողություններ կձեռնարկի», - նշեց նա։
Արեւելագետի համոզմամբ, եթե ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, այնուամենայնիվ, որոշեն Իրանի դեմ լայնածավալ ցամաքային պատերազմ սկսել, կօգտագործեն Ադրբեջանի տարածքը, իսկ Բաքուն փոխարենը Ղարաբաղի հարցն իր օգտին ռազմական միջոցներով լուծելու հնարավորություն կպահանջի։
«Ադրբեջանը, հնարավոր է, չսահմանափակվի ԼՂ հիմնահարցն իր օգտին լուծելու գայթակղությունից, այլ կփորձի նաեւ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել բուն Իրանի դեմ՝ օգտագործելով Հարավային Ադրբեջանի գործոնը», - նկատեց պարոն Աաֆրաստյանը։
Ըստ նրա, Իրանը մասնատելու սցենարներ Ադրբեջանում արդեն իսկ քննարկվում են։
«Ադրբեջանական Մեջլիսում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչը վերջերս առաջարկեց երկիրը պաշտոնապես վերանվանել Հյուսիսային Ադրբեջան՝ իրանական Ադրբեջանի նկատմամբ նկրտումներն ընդգծելու նպատակով»,- տեղեկացրեց քաղաքագետը։
Նման պամաններում, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի իրանի շուրջ ցանկացած սցենարի զարգացման դեպքում։ Առավելեւս, որ նման փորձ մեր դիվանագիտությունն ունի, երբ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանին հաջողվեց պահպանել լավ հարաբերություններ թե Ռուսաստանի, թե Վրաստանի հետ։
Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի, որ իրանական ճգնաժամը հայ դիվանագիտությանը ակտիվանալու հնարավորություն կտա։ Նրա խոսքերով, «Հայաստանը պետք է կարողանա օգտագործել իր ավանդական բարեկամական հարաբերությունները ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, եւ հանդես գա տարածաշրջանային միջնորդական նախաձեռնություններով։
«Իհարկե, մենք չենք կարող համոզված լինել, որ մեր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն, բայց ամեն դեպքում, չպետք է ասենք՝ մենք փոքր ենք, եւ դրանով սահմանափակվենք», - ամփոփեց փորձագետը։

