ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Իմոն Գիլմորը Նյու Յորքում զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
«Որպես գործող նախագահ` ես որոնելու եմ ուղիներ ԵԱՀԿ-ի տարածքի առկա երկարատեւ հակամարտությունների հարատեւ կարգավորման համար։ Այդ հակամարտությունների թվում են Մերձդեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը», - ասել է Գիլմորը` ավելացնելով, որ նշանակել է երկու հատուկ ներկայացուցիչների, ովքեր աջակցելու են այդ խնդիրների կարգավորման գործում։
Անդրադառնալով բուն Ղարաբաղի խնդրին` Գիլմորը դրվատանքով է խոսել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կատարած աշխատանքի մասին։
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործադրած ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ եւ ակնկալում ենք տարվա ընթացքում սերտորեն համագործակցել համանախագահների եւ Մինսկի խմբի մյուս անդամների հետ», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը։
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

