Փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի համանուն համայնքի գործող ղեկավար Խորեն Հարությունյանի միակ մրցակիցը գյուղապետարանի առաջատար մասնագետ Կարապետ Հակոբյանն է։
Նրա եւ Խորեն Հարությունյանի նախընտրական ծրագրերում գրեթե տարբերություններ չկան։
«Իմս էլ, Խորեննին էլ նույն ծրագիրն է, որինս կստացվի»,-ասում է Կարապետ Հակոբյանը:
Ինչո՞ւ պետք է ընտրեն իրեն, Կարեն Հակոբյանի պատասխանը անսովոր է.
«Այնքան էլ դեմքից գեղեցիկ չեմ, բայց գրավիչ պահեր կան, շատ ծրագրեր կան, որ պիտի գործեն»:
Նա չի կիսում տեսակետը, որ հնարավոր է իր առաջադրումը ձեւական է, ու վստահ է, որ երեք օր անց դառնալու է համայնքապետ, դեռ ավելին իր մրցակիցը՝ Խորեն Հարությունյանը չպիտի նեղանա, երբ ինքը ընտրվի. «Մտերիմներ ենք»
Հիշեցնենք, որ երկու թեկնածուի առաջադրումը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Օրենքով համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից:
Ի դեպ, փետրվարի 12-ին Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնառիճ, Գեղանիստ, Բասեն, Վահրամաբերդ, Շիրակ, Տուֆաշեն համայնքներում անցկացվելու է միայն համայնքապետի, Նահապետավանում` համայնքապետի եւ ավագանու անդամների, իսկ Արեւիկում միայն ավագանու անդամների ընտրություն: Տուֆաշենում կայանալիք ընտրությունը արտահերթ է, իսկ մնացած 8 համայնքի համար ընտրությունները հերթականն են:

