«Հրազդանում կլինեն կեղծ ընտրություններ»

17:05 | Փետրվար 09, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրազդանի քաղաքապետի ընտրությունները կեղծվելու են»,-համոզված է Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը. «Սովորույթ է դարձել այդ կեղծարարությունը»։

Տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված այսօրվա քննարկմանը տիկին Ալավերդյանը տարակուսած էր՝ իշխանությունն այսօր Ազգային ժողովում կեղծեց նույնիսկ Արտակարգ դրության մասին օրենքի քվեարկությունը. «Ուղղակի լրագրողների աչքի առաջ մեկը մյուսի  փոխարեն  քվեարկելով»։

ՀՀՇ կուսակցության անդամ Սարգիս Թամազյանի կարծիքով էլ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընտրակեղծիքներն սկսել են կիրառել ավելի վաղ. բազմաթիվ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը՝ իշխանության թեկնածուին չպաշտպանելով։ Նրա տվյալներով, Հրազդանում ուսուցիչները համատարած դառնում են հանրապետական։

«Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարություններին, թե. այնտեղ կա կամք, որպեսզի ընտրություն անցկացվի»,- նշեց ՀՀՇ վարչության անդամ Սարգիս Թամազյանը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանը ընդդիմադիր գործիչների ելույթներում տեսնում է պարտվողական տրամադրություններ եւ Հրազդանի եւ խորհրդարանի ընտրություններում. «Արդեն իսկ ամեն ինչով մենք փորձում ենք սեւացնել դեռեւս չկայացած մայիսի ընտրությունները»,- ասաց։

Ի դեպ, պարոն Սահակյանը բոլորին խորհուրդ է տալիս չկենտրոնանալ այն փաստի վրա, որ Կոտայքի մարզպետը ակտիվորեն քարոզում է Հրազդանի քաղաքապետի` իր թեկնածուի օգտին։ «Մարզպետը պիտի պահի իր կուսակից ընկերոջը»,-ասաց նա։

 

Share |
Rambler's Top100