«100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելն այս պահին ժամանակավրեպ է»: Այս հիմքով կառարավարությունն այսօր մերժեց «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունը` ԱԺ ընտրություններն անցկացնել մեկ ընտրակարգով: Ըստ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի` 100 տոկոսանոց ընտարակարգին անցումը պետք է լինի փուլային։
«100 տոկոսանոց համամասնականի անցնելու անհրաժշտությունն ընտրությունների նախաշեմին մեզ համար անհասկանալի է: Ընտրական գործընթացները, ըստ էության արդեն մեկնարկել են եւ այս անցումը կարող է պարզապես խոչընդոտել այդ գործընթացները»,- նկատեց փոխնախարար Մուրադյանը:
Նրա համոզմամբ, այսօր մեզ դեռ անհրաշետ է մեծամասնական ընտրակարգը. «Ներկայումս այն ունակ է ապահովելու որոշակի կապ կոնկրետ պատգամավորի եւ տարածքի բնակչության միջեւ, ինչը կուսակցությունների պարագայում այնքան էլ հնարավոր չէ»:
Նա խորհուրդ տվեց զուգահեռ չանցկացնել ընտրակեղծիքների ու մեծամասնական ընտրակարգի միջեւ։
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը վստահ է, որ ինքնին որեւէ ընտրակարգ չի կարող երաշխավորել ընտրական գործընթացի արդյունավետությունը ու հատկապես թափանցիկությունը: «Ընտրակարգի խնդիրը չէ այստեղ»,- ակնարկեց Արդարադատության փոխնախարարը:
Ի դեպ, Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Սարգսյանը բացեց ուրախ լուրով: Նա ավետեց, որ Հայաստանը մամուլի ազատության ինդեքսի ցուցանիշներով 24 տեղով բարելավել է իր վարկանիշը: Սա արձանագրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը:
«Կարծում եմ, որ ՀԱԿ-ի կողմից արված քաղաքական այն հայտարարությունը, որ Հայաստանում 4 տարի է` ձեւավորվել է քաղաքացիական հասարակություն, այդ գործում էական դերակատարություն ունի ազատ մամուլը»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

