ՀՀԿ-ականների մեջ պայքար է սկսվել

15:54 | Փետրվար 09, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում թեժ կիրակի է սպասվում՝ փետրվարի 12-ին գյուղապետի պաշտոնի համար այստեղ պայքարելու են երկու ՀՀԿ-ական՝ ներկա եւ նախկին գյուղապետերը:

Նախկինը՝ Գրիգոր Գրիգորյանը, «Ա1+»-ին վստահեցնում է, որ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, ընտրական գործընթաների հետ կապ չունեցող գյուղի երկու երիտասարդների վեճը նախընտրական շոուի է վերածել:

«Բերեցին՝ ոստիկաններին լցրեցին գյուղը, էսօր մեր գյուղի ժողովուրդը վախում ա դուրս էլ գա»,- պատմեց Զարզանդ Գրիգորյանի կուսակցական մրցակիցը։

Գյուղացիները դժգոհում են, որ արդեն 10 օր գյուղում գտնվող ոստիկանները երեկոյան ժամերին տեղի-անտեղի կանգնեցնում եւ խուզարկում են երիտասարդներին։ Այս օրերին Արշալույսում գյուղացիները հրաժարվում են տեսախցիկի առջեւ խոսել նախընտրական վիճակի մասին, աշխատում են դեմքները թաքցնել։ Խոսել համաձայնվեց միայն Հայդուկ պապը. «Գյուղատնտեսությամբ ախշատում ենք, ապրում ենք, շատ էլ լավ ենք ապրում»։

Գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հարազատ եղբայրն է: Գյուղացիների ասելով՝ սկսած տեղականք տրամադրելուց, բոլորը հարցերը գյուղապետը համաձայնեցնում է նրա հետ: Հենց պատգամավոր եղբայրն էլ գյուղապետի փոխարեն զրուցեց մեզ հետ եւ նշեց, որ գյուղում հայտնված ոստիկաններն ընտրությունների հետ կապ չուեն:

«Միլիցիայով մարդկանց վախացնե՞ն, ոստիկանության խնդիրը ո՞րն ա, որ կարգ պաշտպանի»,- բացատրեց գյուղապետի պատգամավոր եղբայրը։

Հրանտ Գրիգորյանը նաեւ անհիմն համարեց իր եղբոր մրցակցի այն պնդումները, թե. գյուղապետը համայնքային միջոցներով արված գործերը որպես բարեգործություն է ներկայացնում։ Միաժամանակ, պատգամավոր Գրիգորյանը չժխտեց, որ գյուղի անապահով խավին միայն այս ձմեռվա ընթացքում 90 խորանարդ մետր վառելափայտ է բաժանել։

«Իմ անձնական բյուջեն ա, ի՞նչ համայնք։ Պատգամավոր եմ, ամեն տարի էլ բաժանում եմ»,- ասաց Հրանտ Գրիգորյանը։

Ի պատասխան իրեն եւ եղբորն ուղղված մեղադրանքների՝ պատգավորը տեղեկացրեց, որ իրենց մրցակիցը՝ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը դատապատվել է 67 միլիոն արժողությամբ համայնքային գույքը յուրացնելու համար։

Ի դեպ, Գրիգոր Գրիգորյանի նկատամամբ քրեական գործ է հարուցվել 2008-ի մարտի 1-ից հետո։ Գյուղացիների վկայությամբ՝ «որովհետեւ նախագահի ընտրությունների ժամանակ նա այդքան էլ լավ չէր աշխատել Սերժ Սարգսյանի համար»։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100