«Օրինաց երկիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը մեկ-երկու ամիս առաջ էր որոշել դուրս գալ կուսակցությունից: Այս մասին «Ա1+»-ին պատմեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որին իր որոշման մասին Գագիկ Բաղդասարյանն անձամբ է հայտնել:
Գագիկ Բաղդասարյան նրա մտերիմն է եւ այն եզակի պատգամավորներից, որը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի ժամանակ, ըստ պարոն Մարտիրոսյանի. «Իսկապես ունեցավ քաղաքացիական խիղճ եւ պատգամավորական պատասխանատվություն` օգնելու, զորավիգ կանգնելու»:
Հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանը երեկ պաշտոնապես հրաժարվել է կուսակցության անդամությունից, սակայն իր մտերիմ ընկերոջը անկեղծ չի ասել, թե ո՞ր խմբակցությանն է մտադիր անդամակցել: Թեպետ այսօր նա Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվելու իր ժամանակի հիմնական մասն անցկացրեց «Ժառանգության» պատգամավորների շարքերում, սակայն պարոն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ չի հետաքրքրվել ընկերոջ հետագա ծրագրերով։
«Դա իր որոշելու խնդիրն է: Բայց պարոն Բաղդասարյանը որ խմբակցությունն էլ նախընտրի, միանշանակ է, որ ինչպես հիմա, այնպես էլ հետագայում ինքը պայքարելու է, աշխատելու է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Այսօր չհաջողվեց զրուցել Գագիկ Բաղդասարյանի հետ. նա խորհրդարանի աշխատանքներին մասնակցեց շատ կարճ ժամանակով եւ փորձում էր խուսանավել բոլոր հարցադրումներից: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս հաջողեց շրջանցել «Ա1+»-ի հետ ԱԺ միջանցքներում հանդիպելու բոլոր հնարավոր «երթուղիները»: Երբ վերջապես մեզ հաջողվեց հանդիպել նրան ու հարց ուղղել։ Տիկին Բիշարյանը կուսակցական ընկերոջն իրենց շարքերից օտարելու մասին հարցը լսելուն պես վրդովված հեռացավ` նետելով, թե ինքը «ոչինչ չունի ասելու այդ պատգամավորի մասին»:

