ԱԺ-ում այսօր քննարկվում էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է բանակի միջամտությունը՝ արտակարգ դրության ժամանակ։
Ըստ նախարարի, օրինագիծը նախատեսում է արտակարգ դրության հասկացության հստակեցումը` արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ փորձ է արվում բռնությամբ փոփոխել կամ տապալել սահմանադրական կարգը, գրավել կամ յուրացնել իշխանությունը:
«Բանակը կարող է օգտագործվել միայն այն պարագայում, երբ ոստիկանության եւ ազգային անվտանգության զորքերը ի զօրու չեն այդ խնդիրները լուծելու»,- պարզաբանեց նախարար Թովմասյանը:
Նախագծով արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաեւ զինված խռովությունների, զանգվածային անկարգությունների, ահաբեկչական ակտերի, հատուկ նշանակության օբյեկտների գրավման կամ շրջափակման, անօրինական զինված կազմավորումների կազմակերպման եւ գործունեության, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունների, մարդկանց կյանքին կամ առողջությանն ուղղակի սպառնացող վտանգի դեպքում:
Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ ԱԺ-ին վերապահվում է հատուկ նիստ հրավիրելու եւ որոշում կայացնելու իրավունք: Սա, ըստ ԲՀԿ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանի, ուղղակի անհնարին է, քանի որ արտակարգ դրության հրաման տալիս է երկրի նախագահը, եւ նա էլ բեկանում է այդ որոշումը։
«Միջամտությունը ցանկացած փուլում դիտվելու է որպես անվստահության դրսեւորում՝ նախագահի հրամանագրին եւ վարչապետի գործողություններին»,- մեկնաբանեց Էռնեստ Սողոմոնյանը:
Նախագծի վերաբերյալ ելույթներում պատգամավորները բարձրաձայնեցին արտակարգ դրություն հայտարարելու գործընթացում խորհրդարանի մասնակցության, բանակի ներգրավման անթույլատրելիության, արտակարգ դրության առավելագույն ժամկետ սահմանելու անհրաժեշտության մասին հարցեր:
Սակայն վերջում ողջունեցին կառավարության նախաձեռնությունը, այն գնահատելով ինչպես Սահմանադրական պահանջ, այնպես էլ իրավիճակից բխող անհրաժշտություն։

