«Ընտրություններին գուցե առաջանան խնդիրներ, որոնք նոր հուշագրի ստորագրության պատճառ դառնան»,-այսօր հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Վերջինս հերքեց, որ կոալիցիայի ղեկավարների հավաքների հաճախակիությունը կապ ունի հետընտրական համագործակցության հետ: «Մինչեւ ընտրություններ մենք դեռ անելիք ունենք»,-ասաց նա:
Ընտրություններին կուսակցությունն, ըստ նրա, գնում է օրենքի երկիր ստեղծելու նպատակով, սակայն չբացառեց, որ ընտրական համամասնական ցուցակում կլինեն գործարարներ, թեպետ «ոչ ամենահայտնիները»:
Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց նաեւ, որ կուսակցությունը բոլոր 41 ընտրատարածքներում մեծամասնականով թեկնածուներ չի առաջադրի:
«Պետք է մեր ուժերը հաշվի առնենք, հենց էնպես առաջադրվելն իմաստ չունի»,-ասաց նա: Թե ինչ տեսք կունենա ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, ըստ տիկին Բիշարյանի, պարզ կդառնա մարտի 3-ին` կուսակցության համագումարի օրը:
Ինքը կարծում է, որ այսօր կուսակցությունն ունի ավելի շատ ձայներ, քան երեք տարի առաջ, «կրկնապատկելու ենք, գուցե եւ ավելին են լինելու մեր ձայները»:
Նա հիշում է, որ 2008-ի նախագահի ընտրություններում կուսակցության ղեկավարը հավաքեց ավելի քան 300 հազար ձայն: «Շատ եմ ուզում, որ ավելացնենք, շատ-շատ եմ ուզում»,-ասաց տիկին Բիշարյանը: Ի դեպ, նա չբացառեց, որ կլինեն իշխանական ուժեր, որոնք կխանդեն ՕԵԿ-ի հեղինակությանը:
«Դարի միտք եք ասում»
«Օրինաց երկիրն» ուզում է իր տեսակը շատացնել մեր երկրում,- ասաց Հեղինե Բիշարյանը։
Լրագրողները նրան հիշեցրին, որ այդ տեսակը 2008-ի մարտի 1-ին 10 հոգու սպանության պատճառ դարձավ, տիկին Բիշարյանը համոզված է, որ զոհերը կարող էին ավելի լինել։
Տիկին Բիշարյանն ընդունում է, որ 2008-ի փետրվարի 29-ին կուսակցությունն իր հեղինակության հաշվին համագործակցեց իշխանության հետ: Այսօր նա ակնկալում է, որ կուսակցությունն առաջիկա Ազգային Ժողովում կրկին կունենա ծանրակշիռ տեղ։
«Օրինաց երկիրն», ըստ նրա, ընտրությունների կգնա առանց դաշինքի, կուսակցությանը կառաջնորդի Արթուր Բաղդասարյանը, բայց վերջինս Ազգային ժողով չի մտնի. հոգնել է։
Կուսակցության կարգախոսն, ըստ տիկին Բիշարյանի, նման է լինելու նախորդ կարգախոսներին` կառուցենք օրենքի երկիր կամ նման մի բան, բայց չբացառեց, որ ցուցակում կլինեն գործարարներ, ինչն ի դեպ, օրենքն արգելում է։
Ի դեպ, լրագրողներից մեկը հետաքրքրվեց` ի՞նչ է կարծում տիկին Բիշարյանը` հաղթահարելո՞ւ են Ազգային Ժողով մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսը: Խմբակցության ղեկավարի տրամադրությունը բարձր էր. «Դուք դարի միտք եք ասում, դարի միտք, կարելի է գրել Գինեսի գրքում»:

