Թուրքիայի ԱԳՆ-ը պարզաբանում է պահանջում

20:15 | Փետրվար 06, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ռայմոնդ Կունցը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ շվեյցարացի դատախազ Քրիստին Բրաունշվայգը վարույթ է սկսել Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար Էղեմեն Բաղըշի դեմ։

Վերջինս հունվարի 30-ին Ցյուրիխում հայտարարել էր «1915թ. դեպքերը ցեղասպանություն չեն։ Թող գան ու ձերբակալեն ինձ»։

Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, ԱԳՆ երկրորդ քարտուղար Ֆերիդուն Սիյնիրլիօղլուն դեսպան Կունցից բացատրություն է պահանջել շվեյցարացի դատախազի գործողությունների համար։ Նա նշել է, որ «պատահածն անընդունելի է»։

Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը, որ Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ազգայնամոլության դեմ պայքարի 261-րդ հոդվածը:

«Հիմա մենք քննելու ենք հայոց ցեղասպանութունը ժխտելու մասին՝ Էգեմեն Բաղըշի արտահայտությունը: Կուսումնասիրենք նաեւ նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կապված հարցը», - ասել է շվեյցարացի դատախազ Քրիստին Բրաունշվայգնը։

Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 2007-ի մարտին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը 90-օրյա պայմանական ազատազրկում եւ շուրջ 20 հազար եվրոյի տուգանք էր սահմանել Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի նկատմամբ։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100