ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ և Ամերիկայի Հայկական Համագումարը խորին անհանգստություն են արտահայտել անցած շաբաթ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեկնաբանությունների առիթով։
Պետքարտուղարը, պատասխանելով Հայոց Ցեղասպանության և վերջերս Ֆրանսիայում դրա ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ հարցին, նշել է. «Ես կարծում եմ ճիշտ կլինի ասել, որ այս հարցը միշտ էլ դիտվել է ավելի որպես պատմական վիճաբանություն և հետևություն, քան քաղաքական: Եվ իմ կարծիքով՝ դա Միացյալ Նահանգների կառավարության կողմից որդեգրած ճիշտ դիրքորոշում է, քանի որ որքան էլ սարսափելի և հուզումնառատ չլինեն այդ իրադարձությունները, այս պատմական խնդիրն իշխանական ուժերի միջոցով լուծելը մի շատ վտանգավոր դուռ է բացում»
Ամերիկայի հայկական համագումարը նամակ է ուղղել պետքարտուղարին եւ նախագահ Օբամային և կոչ է Անում Կոնգրեսի բոլոր անդամներին միանալ Քլինթոնին ուղղված նամակին, որում կոչ է արվում հրաժարվել իր անբարենպաստ հայտարարությունից։
Նամակը նաև կոչ էր անում Օբամայի վարչակազմին միանշանակորեն հաստատել Հայոց Ցեղասպանության փաստը ապրիլի քսանչորսին և հաստատակամորեն ճանաչել ցեղասպանությունը։
«Պետքարտուղար Քլինթոնի պատասխանը անհիմն է և պահանջում է կտրուկ հստակեցում: Պարոն նախագահ, եկել է ժամանակը կատարելու Ձեր քարոզարշավի խոստումը և միանշանակորեն հաստատել Հայոց Ցեղասպանության եղելությունը»,- ասվում էր համագումարի նամակում:

