Պուտինը՝ հայ երիտասարդների իդեա՞լ

16:12 | Փետրվար 04, 2012 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այստեղ Պուտինի շունչն է տիրում: Պատերին' Վլադիմիր Վլադիմիրովիչի մասնակցությամբ լուսանկարներ են' Պուտինը ձյուդոյի գորգի վրա, Պուտինը' ուսուրական վագրին խնամելիս, Պուտինը' դահուկներով, ձիու վրա եւ Գերմանիայի կանցլերի հետ:

Կա նաեւ մեկը, որտեղ ՌԴ նախկին եւ հավանաբար' ապագա նախագահը իր հայաստանցի գործընկերոջ հետ է: Պատերից մեկն ամբողջությամբ զարդարում է Պուտինի մեծադիր դիմապատկերը, մյուսի վրա համառոտ ներկայացված է նրա կենսագրությունը' մանկությունից մինչեւ քաղաքական Օլիմպոսի բարձունքներ:

Երեւանի նորաբաց «Պուտին» ակումբի պատասխանատու Արարատ Ստեփանյանի խոսքերով, Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երիտասարդներ ՌԴ գործող վարչապետի անվամբ ակումբ բացելու գաղափարը հղացել են՝ նպատակ ունենալով Վ.Վ. Պուտինի օրինակով հայ երիտասարդության մեջ սերմանել առողջ եւ նպատակասլաց ապրելակերպի գաղափարները, ինչպես նաեւ նպաստել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը։

«Ա1+»-ի հարցազրույցը՝ Երեւանի «Պուտին» ակումբի ղեկավարի հետ, որի խոսքը ներկայացնում ենք այնպես, ինչպես հնչել է։  

 

-Պարոն Ստեփանյան, ԱՊՀ այլ երկրներում նմանատիպ ակումբներ գործու՞մ են:

-«Պուտին» ակումբ գործում է նաեւ Գրոզնիում' Չեչնիայի հանրապետության մայրաքաղաքում։ Ի միջիայլոց, ստեղծվել է նրանց նախագահ Կադիրովի նախաձեռնությամբ եւ գործում է նրա անմիջական վերահսկողության ներքո:

 

- Չեչնիան Ռուսաստանի կազմում է, իսկ ԱՊՀ երկրներում, բացի Հայաստանից, «Պուտին» ակումբներ կա՞ն։

-Որքանով տեղյակ եմ, չկան, բայց մենք կհետեւենք, որ եթե այլ երկրներում ցանկություն լինի, մենք նրանց մեր փորձով կաջակցենք։

 

-Ինչպե՞ս ծագեց Երեւանում «Պուտին» ակումբ ստեղծելու գաղափարը։

-Գաղափար ծագեց, որ կարելի է մի միջավայր ստեղծել, որտեղ կարող են հայ, ռուս եւ ԱՊՀ-ում ապրող բոլոր այն երիտասարդները, որոնք ցանկանում են բարեկամության կամուրջ ստեղծել, հանդիպեն, կիսվեն առաջարկներով, ծրագրերով։ Եվ հենց էդ քննարկումների ժամանակ գաղափար ծագեց ակումբը կոչել հենց էսպես' «Պուտին», քանի որ գալիս ենք միշտ էն համաձայնության, որ էս մարդը, որպես գործարար,  որպես քաղաքական դաշտի ներկայացուցիչ, որպես մարդ մի խոսքով, իր ասածը միշտ հասցնում է եզրագծին՝ գործի մասին է խոսքը: Եվ մենք էլ ուզեցինք անունը էդպես, որպեսզի մեր նպատակները հասցնենք մեր ավարտին: Զուտ դրա համար:

 

-Այսինքն, Պուտինին ընտրեցիք որպես ձեր իդեա՞լ:

-Այո, որպես մարդ, որի (բռունցքով հարվածում է սեղանին- Հ.Կ.) ասածը արված ա, ու մենք էլ փորձում ենք դնենք, որ լինի հաջողակ: 

 

-Նախօրոք հայտարարվել էր, որ ակումբի բացումը տեղի է ունենալու փետրվարի 2-ին, ինչո՞ւ բացման արարողությունը հունվարի 30-ին արեցիք:

-Մենք կանխատեսում էինք, որ մոտենում էր այս ձյունը, եւ որ կարող է ճանապարհները փակվի, իսկ մեզ մոտ մարզերից երիտասարդներ պիտի գային, բացի դրանից, պարտավորվածություն չունեինք ինչ-որ մեկին տեղեկացնելու, կամ հատուկ զգուշացնելու, որ օրը փոխում ենք: Բացեցինք, ասեցինք, որ մեր նպատակները լինելու են միայն հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման ավելի բարձր մակարդակին հասցնելը, որ մենք մեր գաղափարներով կարող ենք ներառվել բոլոր ծրագրերում, բացի քաղաքականից:  Բայց էն, որ մեր ակումբն ուզում են քաղաքականացնեն, կապեն ինչ-որ քաղաքական դաշտերի հետ, ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կարող եմ ասել, որ կապ չունենք, չենք ունենալու, չենք էլ մտածել էդ մասին:

 

-Այնուամենայնիվ, նրանք, ովքեր կարծում են, որ ձեր նախաձեռնության մեջ քաղաքականության «մատը խառն է», նկատում են, որ Վլադիմիր Պուտինը օտար երկրի քաղաքական գործիչ է, որը մեկ ամիս հետո պատրաստվում է նախագահ դառնալ։ Ակումբի բացման ժամանակը դրա հետ կապ չունի՞։

-Էսպես ասեմ, եթե հիմա չլիներ նրա նախընտրական քարոզարշավի սկիզբը, միեւնույն է, որպես մարդ, մենք նրան բավականին վաղուց էինք ճամաչում: Ու գաղափարն էնպես էր, որ ոչ մի բանից ոչ վախենում էինք, ոչ մտածում էինք, որ կասոցացնեն ընտրությունների հետ, որովհետեւ եթե հիմա մենք քաղաքականությանը չենք խառնվում, հետո էլ, ինքը անցնի թե չանցնի, ակումբը լինելու է, որովհետեւ մենք նրան ոչ թե որպես քաղաքական լիդեր ենք վերցրել, այլ որպես մարդ, որը որպես առաջատար, ամեն ինչը դեպի լավը, դեպի բարին գործի հետ կապված' անող է: Ես ինքս առաջիններից եմ, ով արգելելու է էստեղ քաղաքականությամբ զբաղվելը:

 

-Հայաստանում չկա՞ նման գործիչ, որը կարող էր որպես օրինակ ծառայել այսօրվա երիտասարդների համար:

 -Շատ կար, ես 2008-ից տարբեր մարդկանց անունների խորագրով միջոցառումեր եմ կազմակերպել, եւ ինչու ոչ, գուցե վաղն էլ մի ուրիշ տեղ հիմնվի, էնտեղ էլ լինեմ ու էնտեղ էլ հայկական ինչ-որ մի մեծանուն մի մարդու կողքին կանգնած լինեմ:

 

-Ինչպե՞ս կարելի է դառնալ «Պուտին» ակումբի անդամ։

Ակումբի անդամակցություն չկա, իրա դռները բաց են բոլորի առաջ։ Միայն թե՝ էն մարդիկ կարող են գալ, ովքեր անկեղծ կգան ինչ-որ նպատակով, ոչ թե գան, նայեն, գնան՝ ծաղրեն։ Լրատվամիջոցների առջեւ ակումբի դռները բաց են, կարող են գալ։ Գան՝ լուսաբանեն, հարցնեն՝ պատասխանեմ հարցերին։ Ուղղակի մեր քննարկում-սեմինարները առայժմ փակ են բոլորի առաջ, քանի որ նոր կազմավորվող կառույց է, ես չեմ ուզում, որ հանկարծ ինչ-որ մի երիտասարդ մի բան էնպես չասի ու դա դառնա ինչ-որ լուրջ քաղաքական խնդիր։

 

-Հայաստանի այլ վայրերում «Պուտին» ակումբներ չե՞ք պատրաստվում բացել։

-Փետրվարի 25-ին կբացվի Արտաշատի «Պուտին» ակումբը։ Այնտեղ էլ ինտերիերը նույնն է լինելու, ինչպես այստեղ։ Նույն լուսանկարները, նուն պլակատները, նույն կարգախոսները։

Զրուցեց Հակոբ Կարապետյանը։

 

Share |
Rambler's Top100