Լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հանգամանքների մասին պարզաբանումներում ոստիկանությունը նշել էր, որ հունվարի 23-ից նա հետախուզման մեջ է;
«Ա1+»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց. «Փաստորեն, 10 օրվա ընթացքում ոստիկանությունը չի՞ կարողացել հայտնաբերել նրան»;
«Փաստորեն» - պատասխանեց ոստիկանության մամլո խոսնակը։
Երբ մեջբերեցինք Հայկի գործընկերների հավաստիացումը, որ նա այս ընթացքում ամեն օր գնացել է աշխատանքի, մասնակցել է հանրային միջոցառումների, ընդհուպ՝ կառավարությունում եւ նախարարություններում ասուլիսների, եւ ոստիկանության համար գուցե դժվարություն չպետք է ներկայացներ նրան հայտնաբերելը, պարոն Ահարոնյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք նրա հարեւաններին հարցրե՞լ եք, նա այդ ընթացքում տանը եղե՞լ է»։
Ըստ նրա, ոստիկաններն այս տասն օրերի ընթացքում գնացել են Հայկ Գեւորգյանի տուն եւ նրան տանը չեն հայտնաբերել։
Համաձայն ոստիկանության պարզաբանման, դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան, որով տեղի է ունեցել ենթադրյալ վրաերթը, հաշվառված է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով։ Աշոտ Ահարոնյանից, հարցրինք, արդյոք այս հանգամանքը չհուշեց ոստիականներին, որ կարելի է «ՀԺ» խմբագրությունից պարզել Հայկ Գեւորգյանի գտնվելու վայրը։
Ըստ պարոն Ահարոնյանի, եթե պետհամարանիշից երեւար, որ մեքենան պատկանում է որեւէ հիմնարկության, ավելի հեշտ կլիներ պարզել Հայկի ինքնությունը։ Նրա խոսքերով, սակայն քանի որ գործում հիշատակվող մեքենան մասնավոր օգտագործման է, այդ հանգամանքը պարզելն ավելի դժվար էր։
«Հետո էլ՝ Հայկ Գեւորգյան անուն-ազգանունով շատ քաղաքացիներ կան։ Այո, մենք «ՀԺ»-ի լրագրող Հայկին ճանաչում ենք, մեր գործընկերն է, բայց միանգամից չենք կարող որոշել, թե դեպքի հետ կապ ունեցող անձնավորությունը մեր իմացած Հա՞յկն է, թե ոչ», - պարզաբանեց Ոստիկանոթյան մամլո խոսնակը։
Հիշեցնենք, որ այսօր առավորյան, հայտնի լրագրող, «Հայկական ժամանակ» թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանին աշխատանքի գալու պահին շրջապատել են քաղաքացիական հագուստով անձինք եւ տարել անհայտ ուղղությամբ։ Հետագայում պարզվել է, որ նրան բերման են ենթարկել, այնուհետեւ կալանավորել են ոստիկանության աշխատակիցները՝ հունվարի է 13-ին ավտոմեքենայով քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին միջին կարգի մարմնական վնասվածք պատճառելու եւ տեղում թողելու մեղադրանքով։ Թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կայացած մամլո ասուլիսի ժամանակ համոզմունք հայտնեց, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը այս քայլով Հայկից վրեժխնդիր է լինում՝ ոստիկանապետի մասին գրած հոդվածների համար։

