Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը և մեկնարկը եւ ազգային պետականության վերականգնման, եւ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար:
Այդ օրերին վտանգի մեջ էր Արցախը, հայ-ադրբեջանական ողջ սահմանագիծը և խնդիր կար պաշտպանելու սեփական ժողովրդին սեփական ուժերով: Բանակի ստեղծումը և կայացումը ժամանակի և պատմության հրամայական էր:
Հայոց բանակն իր կայացման ճանապարհին անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը վերհիշեց, որ առաջին փուլում`1988 թվականի փետրվարից սկսեցին ձեւավորվել կամավորական ջոկատներ, որոնք ղեկավարում էին առանձին անձիք:
Երկրորդ փուլի սկիզբ կարելի է համարել 1990 թվականի սեպտեմբերի 20-ը, երբ կազմավորվեց ՆԳՆ կից Հատուկ գունդը, որն այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը եւ կոչ արեց անդամագրվել նոր ստեղծվող հայոց բանակին:
«Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից ինչպես կամավորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամավորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն ուներ մոտ 26 վաշտ: Ես այդ ժամանակ ՆԳ նախարարի տեղակալն էի և մենք կառավարում էինք գունդը, շրջանների վաշտերը, ՄՀՈՋ-ը: ՆԳՆ կազմում նույնիսկ շտաբ էինք ստեղծել»,- պատմեց Վաղարշակ Հարությունյանը։
Երրորդ փուլը մեկնարկեց պաշտպանության կոմիտեի ստեղծմամբ. 1991-ի մայիսի 4-ին, կառավարության որոշմամբ, ձևավորվեց պաշտպանության կոմիտեն, որտեղ 1991-92թթ նախագահի առաջին տեղակալն էր Վաղարշակ Հարությունյանը, եւ այդ ժամանակ`1991 թվականին անցկացվեց առաջին զորակոչը:
Թեեւ ընդունված է ասել, որ բանակը «ծնվեց» 1992 թվականի մայիսին եւ պաշտպանության նախարարության հիմնադրումից հետո իրականացվեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին, բայց այն արդեն գործում է 21 տարուց ավելի:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, որն արդեն լինելով խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ` կամավորականների մեծ մասի սիրված հրամանատարն էր:
Նրանից հետո ազգային բանակը ղեավարեցին Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը եւ Սեյրան Օհանյանը: Նրանցից կադրային զինվորականներ էին միայն վերջին երեքը: Սա վկայում է այն մասին, որ բանակն արդեն պրոֆեսիոնալ դարձնելու խնդիր կար:
«Այսօր իր բոլոր խնդիրներով ու դժվարություններով, բանակը մեր երկրի միակ կայացած կառույցն է, որը բարդագույն պայմաններում, պատեարզմական իրավիճակում կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ ապահովում է մեր երկրի սահմանների անվտանգությունը»,-եզրափակում է Վաղարշակ Հարությունյանը:

