Ժողովրդավարությունը հիմնականում աղավաղվում է տնտեսական շահերի եւ քաղաքականության մերձեցման շնորհիվ, որը հատկապես ակնառու է Հայաստանում: «Ա1+»-ի հետ զրույցում այսօր այս կարծիքը հայտեց «Բաց հասարակության» հիմնադրամի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Երվանդ Շիրինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես մենաշնորհային տնտեսությունը:
Երվանդ Շիրինյանի կարծիքով, Հայաստանում նախագահն առավել ուժեղ լծակներ ունի, իսկ պառլամենտարիզմը` շատ ավելի թույլ կայացած ինստիտուտ է, որի հետեւանքով ավելի դժվար է մեր երկրում դեմոկրատիան առաջ տանել:
Երվանդ Շիրինյանն ու աշխարհի ավելի քան 30 երկրի մոտ 100 փորձագետներ այսօր մասնակցում էին «Ինչպիսի ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» թեմայով եռօրյա համաժողովին:
Քննարկման մասնակիցներն այսօր փաստեցին, որ ժողովրդավարության ավանդական մոդելն արդեն փոխվել է եւ հիմա ղեկավարված դեմոկրատիան մեծ հաջողություն ունի:
Իսկ Հայաստանում, Երվանդ Շիրինյանի կարծիքով, ժողովրդավարության առաջընթացի համար հատկապես կարեւոր է առօրյայում մարդու հասարակ իրավունքների պահպանումը, օրինակ՝ դատարաններում, կամ բողոքի ակցիա անցկացնելիս:
Նա միանշանակ մարդու իրավունքների խախտում համարեց նաեւ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքներին ոստիկանության հայտարարությունները, թե. դրանք հակաօրինական են։ «Դա պարզ օրինակ է, որտեղ մարդու իրավունքները խախտվում են»,- ասաց Շիրինյանը:
Ժողովրդավարության կարեւոր չափորոշիչներից է նաեւ ազատ խոսքի իրավունքը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանում դեռեւս շատ ցածր մակարդակի խոսքի ազատություն ունենք. «Շատ դժվարություններ ունենք հավաքների, երթերի առումով»:
Ըստ նրա` միայն հետխորհրդային մի քանի տարիների ընթացքում Հայաստանում եղան խոսքի ազատության «ոսկե տարիներ», սակայն կարճ ժամանակ անց, նորից սկսեց հետընթաց գրանցվել:
«Իշխանությունները հասկացան, որ անկառավարելի մամուլը կարող է լուրջ քննադատող դառնալ, իսկ ժողովրդավարության ավանդույթներ չտեսած քաղաքական այրերը վախենում էին դրանից» ,- նկատեց Աշոտ Մելիքյանը:

