Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանի ընտրություններում հաղթանակ է տարել արդար պայքարում:
«Բոլորն էլ՝ եւ դիտորդները, եւ փորձագետները կարծում էին, որ ընտրություններում կհաղթեր Էրդողանի կուսակցությունը: 9 տարի է` այդ կուսակցությունը իշխում է Թուրքիայում եւ այդ ընթացքում կարողացել է ակտիվ զարգացում ապահովել Թուրքիայի տնտեսությունում, կայունացնել ֆինանսական համակարգը: Նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այս տարի Թուրքիայում գործազրկությունը նվազեց 4 տոկոսով»,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Գրիգորյանը:
Քաղաքագետի կարծիքով` Էրդողանի շնորհիվ է, որ Թուրքիայի տնտեսությունն այսօր աշխարհում գրավել 15-րդ տեղը. «Պարզ է, որ ժողովուրդը դա կգնահատեր Միայն մեկ խնդիր կար՝ Էրդողանի կուսակցությունը կկարողանա՞ ընտրություններում ձայների 2/3-ը հավաքել եւ խորհրդարանում Սահմանադրությունը փոփոխել: Դա Էրդողանի կուսակցությունը չկարողացավ անել: Բոլոր դեպքերում Էրդողանը հավաքել է ձայների 50 տոկոսը, դա նշանակում է նա միանձնյա կձեւավորի եւ կղեկավարի կառավարությունը»:
Թուրքիայի խորհրդարանի ընտրությունները դիտարկելով հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ես ուսումնասիրել եմ եւ Էրդողանի, եւ նրա հիմնական մրցակից ընդդիմադիր Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերը եւ պետք է ասեմ, որ ԼՂ հարցում նրանց մոտեցումները նույն են՝ ադրբեջանամետ, սակայն հայ-թուրքական հարաբերություններում շատ տարբեր են: Էրդողանի կուսակցությունը մեզ հետ պատրաստ է քննարկել ցանկացած հարցեր, հանդես գալ նախաձեռնություններով: Մինչդեռ ընդդիմադիր ուժը շատ կոշտ դիրքորոշում ունի մեր նկատմամբ»:
Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ Թուրքիայում բնակվող հայերը միանգամայն ճիշտ որոշում են կայացրել` ընտրություններում իրենց ձայնը տալով Էրդողանի կուսակցությանը:
Քաղաքագետը համոզված է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանդես կգա մի քանի նախաձեռնություններով. «Խնդիրն այն է, թե մենք ինչպես պետք է արձագանքենք այդ նախաձեռնություններին: Ես չեմ կարծում, որ այսօր Թուրքիան պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը, բայց կասկած չունեմ, որ Թուրքիան կառաջարկի վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից մի քանի կետեր: Օրինակ՝ Թուրքիայում եւ Հայաստանում հյուպատոսական ծառայություններ բացել եւ այլն»:
Ստեփան Գրիգորյանը չի կիսում այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. «Եթե արձանագրություններն ի վերջո տապալվեն էլ միեւնույն է դրանց կարեւորությունը չի նվազի»:

