Միջադեպ երթի ընթացքում

20:58 | Հոկտեմբեր 15, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հորդառատ անձրեւի պատճառով Հայ Ազգային Կոնգրեսի երթն այսօր չընթացավ սովորական երթուղով:

Մատենադարանի հարակից տարածքից մեկնարկված երթն անցավ Մաշտոցի պողոտայով, Թումանյան փողոցով եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Երթն առաջնորդեցին Կոնգրեսի երիտասարդ անդամները` թմբուկներով, եռագույններով ու քաղբանտարկյալների նկար-պաստառներով: Այսօրվա կարճատեւ երթի ընթացքում ոստիկանների եւ Կոնգրեսի երիտասարդների միջեւ փոքրիկ միջադեպ արձանագրվեց:

Պատճառը  երիտասարդների  վանկարկումներն էին: Երիտասարդներին փորձում էր լռեցնել անձամբ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Միջադեպը հարթվեց Կոնգրեսի ներկայացուցիչներ` Ավետիս Ավագյանի եւ Վլադիմիր Կարապետյանի միջամտությամբ:

Թեեւ այսօրվա միջոցառման ընթացքում անձրեւ էր տեղում, սակայն երեխաների թիվը փոքր չէր:

«Մի փոքր վախենում եմ, որ երեխաս հիվանդանա, սակայն չի կարող այսօրվա հանրահավաքին չմասնակցել: Տանը նստելով` ոչինչ դուրս չի գա»,- «Ա1+»-ին ասաց Աննա Մնացականյանը, որը հանրահավաքին եւ երթին մասնակցում էր 5-ամյա դստեր հետ:

Երթին մասնակից Կարեն Սիմոնյանի կարծիքով` եթե մեկն իսկապես ցանկանում է, որ այս երկրում ինչ-որ բան փոխվի, չպետք է անձրեւի, արեւի կամ ձյան պատճառով տանը նստի. «Դա լուրջ բացատրություն չէ: Պայքարը եղանակային չի լինում: Մենք մեր շուրջօրյա հանրահավաքները անցկացրել են սառնամանիքին եւ Ազատության հրապարակում կես միլիոն մարդ էր հավաքվում»:

Երթի ընթացքում ավելացան նաեւ ցուցարարների թիվը, այդ ընթացքում անձրեւը համեմատաբար մեղմացել էր: Ավանդույթի համաձայն` հանրահավաքի եւ երթի մասնակիցներին Կոնգրեսի առաջնորդները հրաժեշտ տվեցին Հյուսիսային պողոտայում, որից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին մեկ անգամ եւս հիշեցրեց հոկտեմբերի 19-ին նախատեսված Կոնգրեսի միջոցառումների մասին:

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին Կոնգրեսը պատրաստվում է 6 ժամյա բողոքի ակցիա անցկացնել «Հանուն ժողովրդավարության» ֆորումին զուգահեռ, որին մասնակցելու համար Երեւան է ժամանելու ԵԽ ղեկավարությունը:

Կոնգրեսը 4 հարց է բարձրացնելու` քաղբանտարկյալների առկայությունը, ՀՀ-ում անկախ հեռուստաընկերությունների բացակայությունը, Մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտվելը եւ նաեւ պահանջելու է Խորհրդարանի եւ Նախագահի արտահերթ ընտրություններ:

 

Share |
Rambler's Top100