Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը:
Դավիթ Քիրամիջյանը մեղադրվում է խուլիգանության, իսկ Սարգիս Գեւորգյանը` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Նրանք ձերբակալվել էին մայիսի 31-ին` Ազատության հրապարակի մերձակա տարածքից:
Նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը որոշում է կայացրել բերման ենթարկել գործով տուժող Վարազդատ Թադեւոսյանին եւ վկաներ Լուսինե Թադեւոսյանին ու Լիլիթ Գեւորգյանին:
Այսօր ցուցմունք տվեց գործով տուժող Վարազդատ Թադեւոսյանի մորաքրոջ աղջիկը` Լիլիթ Գեւորգյանը:
Մյուս երկու վկաները չէին ներկայացել դատարան: Ուստի դատավորն անցավ ապացույցների հետազոտմանը:Դատավարության մասնակիցները դիտեցին գործով անցնող տեսաերիզները: Այստեղից երեւում էր, թե մայիսի 31-ին ինչ է տեղի ունեցել Սարյանի արձանի հարակից տարածքում:
Տեսաերիզները դիտելուց հետո Դավիթ Քիրամիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը, տեսաերիզի եւ գործով տուժող ոստիկանի ցուցմունքների միջեւ հակասություն տեսնելով, հանդես եկավ հայտարարությամբ, «Գործով տուժող Արկադի Բաղդասարյանը նշում էր, որ Դավիթին եւ Սարգիսին բերման են ենթարկել ոստիկանական համազգեստով մարդիկ, այնինչ այսօր մենք տեսանք, որ բերման ենթարկողները քաղաքացիական հագուստով են եղել: Նաեւ պարզ է, որ խախտվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»:
Նույնը պնդեց նաեւ Սարգիս Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Սակայն Մեղադրող Հարություն Հարությունյանն պատասխանեց, որ տեսաերիզի կադրերով նրանց մեղքը լիովին ապացուցվում է:
Ի դեպ, այսօր դատարանում որպես ապացույց հետազոտվեց գործով տուժող Արկադի Բարսեղյանի բաճկոնը, որտեղ պոկված էր բաճկոնի ձախ ուսադիրը: Սակայն տեսաերիզում երեւում է, որ Սարգիսը ձեռքը դնում է ոստիկանի աջ ուսին:
Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 22-ին` ժամը 10.00-ին:

