ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները Հայաստան են ժամանելու սեպտեմբերի 9-ին: Այցի ընթացքում նրանք հանդիպելու են ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Իսկ ԼՂՀ նրանք ժամանելու են վաղը` սեպտեմբերի 8-ին եւ ինչպես «Ա1+»-ին հաղորդեց ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարսել Պետրոսյանը, հանդիպելու են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Ծրագրված է, որ վաղը գալու են ԼՂՀ, սակայն, դեռ ամեն ինչ վերջնական հստակեցված չէ»,- ասաց Մարսել Պետրոսյանը:
Նա նաեւ նշեց, որ դեռ հստակեցվում են մանրամասները եւ բանակցություններ են ընթանում եռանախագահների` հայ-ադրբեջանական սահմանը հատելու եւ հայկական կողմ անցնելու ուղղությամբ:
Տարածաշրջանային այցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ) սկսել են այսօր Բաքվից:
Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպումից հետո սեպտեմբերի 8-ին եռանախագահները մտադիր են դիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Տերտերի շրջանի Տերտեր-Աղդերե հատվածում:
Նախատեսվում է, որ մոնիտորինգի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհատեն շփման գիծն ու կանցնեն հայկական կողմ:

