Համանախագահները գալիս են կոնկրետ նպատակով

13:32 | Սեպտեմբեր 06, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 6-ից 10-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու, Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ` քննարկելու լրացուցիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ են հրադադարը ամրապնդելու, կողմերի միջեւ փոխզիջումների ոգին խրախուսելու եւ հետագա գործողությունները վերջնական տեսքի բերելու համար:

Այդ մասին ասվում է հայտարարության մեջ, որը տարածել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրատկեն (ԱՄՆ):

Սեպտեմբերի 3-րդ շաբաթը համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, այնուհետեւ Նյու Յորք` աշխատելու կողմերի հետ ՄԱԿ-Ի գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:

«Սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի կեսերին համանախագահները կվերադառնան տարածաշրջան` դիտարկելու հումանիտար իրավիճակը` Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում, ինչն համանախագահները նախկինում` վերջին ամիսների ընթացքում քննարկել են կողմերի հետ եւ որի շուրջ կողմերի հետ համաձայնություն է ձեռք բերվել մինչեւ ամառ»,-ասված է հայտարարության մեջ:

Մի խումբ խորհրդականներ եւ փորձագետներ, որոնց մեջ կլինեն ՄԱԿ-` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները, կուղեկցեն համանախագահներին այս այցի ժամանակ: Սա կլինի առաջինը միջազգային առաքելությունը վերոնշյալ տարածքներում 2005թ-ի սկզբի ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունից ի վեր:

Համանախագահները ամենամյա գործունեության վերաբերյալ զեկույց կներկայացնեն` ԵԱՀԿ մշտական խորհրդին եւ կնախապատրաստվեն ԵԱՀԿ վեհաժողովին, որը կկայանա Աստանայում:

Մինչեւ այդ համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին առավելագույնս հարգել հրադադարը, ցուցաբերել զսպվածություն, խրախուսել կողմերի միջեւ փոխզիջումները հետագա առաջընթացի համար, խուսափել հասարակական հնչողություն ունեցող սադրիչ հայտարարություններից եւ ցուցաբերել քաղաքական կամք` երկխոսության մեջ ներգրավվելու համար:

Ի պատասխան շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերի` ԵԱՀԿ Մինսկի խումբը խիստ դատապարտում է հրադադարի ցանկացած խախտում` հատկապես շփման գծում, զղջում է անտեղի մարդկային կորուստների համար եւ հիշեցնում է Ալմաաթիում` Նախարարների կոմիտեի հայտարարությունը, որ ուժի գործադրումը կհանգեցնի տառապանքի, ավերածությունների եւ թշնամանքի, որը կտեւի սերունդներ շարունակ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100