Ձգտելով քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևը` Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները հանդիպել են բանաձևի հովանավոր, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Ըստ Համագումարի մամլո հաղորդագրության ` կոնգրեսական Ադամ Շիֆը կիսում էր բանաձևի հաստատմանը հասնելու Համագումարի ձգտումները և հույս էր հայտնում, որ կոնգրեսը չի հետաձգի քվեարկությունը: Նա քաջալերեց Համագումարին շարունակել իր գործունեությունը և ընդլայնել բանաձևին աջակցողների շրջանակը:
Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևին աջակցում են կոնգրեսի 143 անդամներ: Այն հաստատվել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից նախագահող Հովարդ Բերմանի ղեկավարության ներքո:
Օրենսդրական հաջորդ քայլն է քվեարկությունը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Միաժամանակ սենատում 316-րդ բանաձևը, որի հեղինակներն են սենատորներ Ռոբերտ Մենենդեզը և Ջոն Էնսինը, սպասում է իր հերթին սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում (նախագահող` սենատոր Ջոն Քերի) քվեարկության դրվելու համար:

