Բաքվում փաստաթղթեր ստորագրվեցին

15:00 | Սեպտեմբեր 03, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ նրա կնոջը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա կինը ընդունեցին նախ երեկոյան «Գյուլիստան» պալատում պաշտոնական ճաշի ժամանակ, հետո առավոտյան` նախագահական պալատում:

Արարողակարգային միջոցառումներից ու երկու երկրների պաշտոնական պատվիրակության անդամների հետ ողջագուրվելուց հետո Մեդվեդեւն ու Ալիեւը առանձնացել են` նեղ ձեւաչափով բանակցություններ անցկացնելու համար:
Հանդիպումը թեեւ նեղ շրջանակում էր, սակայն կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ:

Իլհամ Ալիեւը, ողջունելով այցը, ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը մշտապես եղել են կարեւոր գործընկերներ թե տնտեսական, թե ռազմավարական ոլորտներում: «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարեւոր են ոչ միայն երկուստեք, այլեւ տարածաշրջանի համար: Ռուսաստանի հետ աճող փոխգործակցությունը Բաքվի համար շատ կարեւոր ու թանկ է»,-ասել է Իլհամ Ալիեւը:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր հերթին նշել է, որ երկկողմ հանդիպումները ոչ միայն Ռուսաստանում եւ Ադրբեջանում, այլեւ միջազգային տարբեր ատյաններում լավագույն երաշխիք են հարաբերությունները ամրապնդելու համար:
«Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է ամրապնդեն հատկապես տնտեսական համագործակցությունը»,-ասել է Մեդվեդեւը: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են նաեւ միջազգային հարցերից, մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:

Ալիեւը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին` որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ բանակցային գործընթացում ներդրումների համար: Մեդվեդեւը նշել է, որ Մոսկվան կշարունակի ջանքերը խնդիրը խաղաղ լուծելու ուղղությամբ:

Առանձնազրույցից հետո Ալիեւն ու Մեդվեդեւը ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես` «Պետական սահմանների մասին ռուս- ադրբեջանական պայմանագիր»-ը ու 2011-2012 թվականներին ադրբեջանական գազի մատակարարումը Ռուսաստան ավելացնելու մասին համաձայնագիրը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100