Թուրք քաղաքագետ, Ստամբուլի Բողազիջի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է դիմի սիմվոլիկ քայլի: Իսկ սիմվոլիկ քայլն, ըստ նրա, Արցախի հարակից շրջաններից հայկական զորքերի դուրսբերումն է:
«Թուրքիայում չեն ասում, թե հենց Արցախից դուրս բերեք զորքերը, այլ խոսքը միայն հարակից շրջանների մասին է: Միայն սրանից հետո Անկարան կարող է Ադրբեջանի եւ իր երկրում ադրբեջանական լոբբիի մոտ արդարանալ եւ շարունակել հայ-թուրքական արձանագրություններով սկիզբ դրված գործընթացը»,-ասաց նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Բեհլուլ Օզքանի խոսքով, ինքը Հայաստան է եկել, որպեսզի պարզի, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչ արվեց այս մեկ տարում եւ ինչ պետք է անել:
«Երեւանը Թուրքիային ամենամոտ գտնվող մայրաքաղաքն է: Նույնիսկ երբ առավոտյան ինքնաթիռը վայրէջք էր կատարում, տեսանելի էին թուրքական քաղաքները: Հայկական օդանավակայանում էլ բջջայինս դեռ գտնվում էր թուրքական օպերատորի տիրույթում»,-հայ-թուրքական կապերի սերտությունը այսպես դիտարկեց թուրք քաղաքագետը:
Ստամբուլի Բողազիջի համալսարանի դասախոսը գտնում է, որ 2 միլիոն բնակչությամբ եւ սահմանների 85 տոկոսը փակ Հայաստանը Թուրքիայի համար հետաքրքիր է միայն այն տեսակետից, որ Անկարան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարեւանների հետ:
«Ուստի, այս առումով կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների լավացումը, Սակայն սահմանները բացելու համար Թուրքիային առաջին հերթին պետք է զարգացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ սահմանների բացումն ու կարգավորումը այսօր դիտարկվում է մեկ փաթեթում», -ասաց նա:
Բեհլուլ Օզքանի խոսքով, Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է տարածաշրջանում, Արցախն էլ ավելի շուտ ներքաղաքական խնդիր է:
«Թուրքիայի համար հիմա մեծ ռիսկ է Հայաստանի հետ սահմանը բացելը, քանի որ ընդդիմությունը անմիջապես կմեղադրի դավաճանության մեջ: Մեծ ազդեցություն ունեն նաեւ ադրբեջանական լոբբին ու տնտեսական օղակներում իշխող ադրբեջանամետ գործարարները»,-նշեց թուրք քաղաքագետը:
Հայ-ադրբեջանական նոր պատերազմ Բողազիջի համալսարանի դասախոսը չկանխատեսեց, քանի որ Բաքուն, ըստ նրա, նավթագազային խողովակներով կապված է միջազգային հանրությանը եւ չի վտանգի դրանք:
Հայ-թուրքական արձանագրությունների առումով էլ նա նշեց, որ Թուրքիան մեկ տարում որեւէ լուրջ շահում չունեցավ եւ չկարողացավ ազդեցություն ձեռք բերել Հայաստանի վրա:
Ի դեպ, Բեհլուլ Օզքանը սեպտեմբերի 17-ին Աղթամարի կղզում պատարագ կատարելու թուրքական մտադրության մեջ արտասովոր ու խորհրդանշական բան չի տեսնում: Դա ըստ նրա, խթանում է տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտները:
«Պատարագին մասնակցելը հայ ժողովրդի պատմական իրավունքն է»,- ասաց նա:
«Իսկ խա՞չը»,- հնչեց լրագրողներից մեկի հարցը:
«Խաչի մասին Թուրքիայում նույնիսկ չեն խոսում, հասարակությունն էլ տեղյակ չի»,-եզրափակեց Բեհլուլ Օզքանը:

