ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գտնում է, որ ԼՂՀ-ն տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրն է:
«Ղարաբաղն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ հայի տեսակն ըմբռնող է եւ ուժ է, որը հնարավորինս կկարողանա միջազգային հանրության մեջ իր տեղն ու դերը գրավել: Մենք այսօր մեր քաղաքականության մեջ ուժեղ ենք նաեւ Ղարաբաղով: Ղարաբաղի ժողովուրդն այսօր ինքնավստահություն է ներշնչում յուրաքանչյուրին, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ լինում է Ղարաբաղում»,- այսօր ԼՂՀ անկախության օրվա կապակցությամբ «Ա1+»-ին ասաց պարոն Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի գտնում, որ ՀՀ-ն սխալ է թույլ տվել` չճանաչելով ԼՂՀ անկախությունը. «Դա թյուր ըմբռնում է: Ամբողջ Հայաստանի քաղաքական օրակարգը ինքը Ղարաբաղն է: Հայաստանի ճանաչելը, որեւէ արդյունավետություն Ղարաբաղին չի բերելու, առավել եւս մենք խաղի կանոններ ենք խախտելու: Մինսկի խմբի համանախագահներից հեռանալու ենք: Ըստ էության այսօր ամբողջ Հայաստանն ինքը Ղարաբաղ է դարձել, եւ Ղարաբաղյան խնդիրների մեջ է: Չի կարելի զգացմունքային փոքր նպատակների համար խճողել այդ Ճանապարհը: Ղարաբաղը մերն է, մենք Ղարաբաղինը, այսօր գաղափարախոսությունը շատ ավելի բարձր է , քան մի քանի կնճռոտ հարցեր, որոնք կարող են տարակարծությունների առիթ դառնալ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ ԼՂՀ-ի անկախությունը չճանաչելով` ՀՀ-ն քամահրանքով է վերաբերում ԼՂՀ անկախության իրողությանը: «Եթե Հայաստանի քաղաքական շրջանակներում կամ իշխանական վերնախավում կան խմբեր, որոնք թերագնահատում են ԼՂՀ-ի անկախության կայացած փաստը եւ հոգու խորքում Արցախը դիտարկում են որպես ՀՀ-ի մի մարզ, ապա «Ժառանգությունը» լրջորեն է վերաբերվում եւ գիտակցում է, որ առաջին հերթին հենց ԼՂՀ քաղաքացիները գիտեն այդ անկախության արժեքը, այդ անկախություն է իրենց բերել հարաբերական խաղաղություն, նրանք գիտեն, որ իրենց պայքարը արդար է»: Ստեփան Սաֆարյանը «Ժառանգության» անունից բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում միանալ իրենց եւ օր առաջ ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը:
ՀՀ-ն պետք է հետեւի Թուրքիայի օրինակին
ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը գտնում է, որ պետք է հաշվի առնել այն, որ 1991թ օգոստոսի վերջին իր անկախությունը հռչակեց Ադրբեջանը. «Այս տեսանկյունից ԼՂՀ-ի անկախության հռչակումն ավելի շատ պաշտպանական ակտ էր, քան հասունացած գործողություն: Այս օրը մենք պետք է գնահատենք ԼՂՀ-ի անկախության հռչակման օր` որոշակի սահմաններով: Այդ օրը հռչակվեց հանրապետությունը` բացի ԼՂ ինքնավար մարզից` ընդգրկելով Գետաշենի ենթաշրջանը եւ Շահումյանի շրջանը: Սա է այսօրվա խորհուրդը: ԼՂՀ-ի անկախության հռչակումը պետք է դիտարկել նաեւ ՀՀ-ի անկախության հռչակման համատեքստում: Մինչ այդ օրը ամբողջ Ղարաբաղյան շարժումն ընթանում էր «միացում» կարգախոսով: Բայց երբ հասկանալի դարձավ, որ Հայաստանն իր անկախությունը հռչակելու է Խորհրդային Հայաստանի սահմաններում, միացման մասին խոսակցությունն այլեւս դարձավ պրոբլեմային եւ սա է, որ մենք պետք է հաշվի առնենք»:
Ըստ Մելիքյանի 1991թ. օգոստոսին լուծվեց մեր քաղաքական պայքարի հետագա ուղին եւ անկախացումը եւ ԼՂՀ-ի անկախության հռչակումը դարձավ անխուսափելի. «ՀՀ-ն անկախություն հռչակվելով Խորհրդային Հայաստանի սահմաններում չէր կարող ԼՂՀ-ի հետ կապված որեւէ տարածքային հարց ներկայացնել»:
ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը գտնում է, որ ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, սակայն այն չպետք է լինի մեկ միանգամյա գործընթաց. «Մենք պետք է կարողանանք կարգավորել փոխադարձ հարաբերությունները: Ճանաչման հակառակորդները հաճախ ասում են, թե ինչ ստացավ Թուրքիան` ճանաչելով Կիպրոսը: Շատ բան ստացավ, որովհետեւ նա օրինականացրեց իր հարաբերությունները Կիպրոսի հետ եւ այդ երկկողմ հարաբերությունների շրջանակում կարողացավ Կիպրոսում տեղադրել իր զինված ուժերը: Այսօր Հյուսիսային Կիպրոսում 35 հազար թուրք զինվոր կա: Այսօր ՀՀ-ն իր զինված ուժերի ներկայությունը այդքան բաց ԼՂՀ-ում չի կարող ապահովվել: Սա է թիվ մեկ խնդիրն է»:
Դեմ է երկու հայկական պետություն գաղափարին
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր սկզբանե
կողմ չի եղել Ղարաբաղի անկախությանը. «Ես կողմնակից եմ եղել միացման գաղափարին: Դժբախտաբար այսօր այդ միտքը փորձում են առաջ տանել, սակայն նույն այդ մարտավարություն ընդունողները թերանում են իրենց աշխատանքում: Այն իմաստով, որ մինչ օրս, 18 տարուց ավել է ոչ ՀՀ եւ ոչ էլ ԼՂՀ իշխանությունները ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ աշխատանք չեն տարվել»:
Սեֆիլյանը կարծում է, որ երկու հայկական պետությունը ներազգային իմաստով շատ մեծ վնասների կարող է հանգեցնել. «ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի խորհրդարանների համատեղ գործունեության արդյունքում իրավական դաշտում պետք է հաստատվի «միացումը» եւ դրանից հետո հայության ամբողջ ներուժով պետք է պրոցես սկսվի միացումը միջազգային բեմերում ամրագրելու ուղղությամբ»:
Ի դեպ, Սեֆիլյանը գտնում է, որ այս իշխանությունները չեն կարող իրականացնել այդ ծրագիրը. «Այս իշխանությունները միայն մեկ բան կարող են անել` որքան շուտ հեռանան, այս ժողովրդին այնքան օգուտ է»:

