«Ժառանգությունը» կօգտվի իր իրավունքից եւ հոկտեմբերի հոկտեմբերի 5-ին` ժամը14:30-16:00-ը ԱԺ-ում արտահերթ քննարկման կդնի ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրենքի նախագիծը:
Այսօր ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ուղարկել իր որոշումը, որի համաձայն ԱԺ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի հեղինակած ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ճանաչվել է արտահերթ:
Օրինագծի 1-ին հոդվածով` ՙՀայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՚:
ՙԱԺ կանոնակարգ՚ օրենքի 104.2 եւ 35 հոդվածների համաձայն, այն առանց քվեարկության ներառվում է ԱԺ նստաշրջանի օրակարգում եւ ենթակա է արտահերթ կարգով քննարկման հոկտեմբերի 4-10-ի քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում` հոկտեմբերի 5-ին:
ՙԺառանգության՚ պատգամավորների կողմից օրինագիծը շրջանառության մեջ է դրվել 2009թ. հոկտեմբերի 15-ին: Օրենքի նախագծի համար գլխադասային նշանակված Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում օրինագծի քննարկումները, իսկ դրա հիման վրա էլ` ԱԺ նստաշրջանի օրակարգում հարցի ընդգրկումը բազմիցս հետաձգվել էր. 2009թ. դեկտեմբերի 7-ին` մինչեւ 90 օրով, 2010թ. ապրիլի 26-ին` մինչեւ 15 օրով, 2010թ. մայիսի 17-ին` մինչեւ 15 օրով, եւ 2010թ. հունիսի 7-ին` մինչեւ 30 օրով:

