«Ադրբեջանցիները կոծկում են իրական զոհերի թիվը»

12:05 | Սեպտեմբեր 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 31-ի վաղ առավոտյան Վերին Չայլու գյուղի շրջանում ադրբեջանական դիվերսիայի ժամանակ հրազենային վերք ստացած ԼՂՀ ՊԲ շարքային զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Զինծառայողը ներկայումս Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում է:

Այս մասին «Ա1 +»-ին հաղորդեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի լուսաբացին, ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Այն, սակայն, տապալվել է:

Մինչդեռ այսօր Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հակառակ բնույթի տեղեկություն է տարածել` հայտարարելով, թե դիվերսիան կազմակերպել են հայերը եւ տվել 3 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զոհվել են նաեւ 2 ադրբեջանցի զինծառայողներ:

Այս տեղեկությունը Սենոր Հասրաթյանը համարեց ստահոդ:

«Դա ապատեղեկատվություն է, ինչը ադրբեջանցիները անում են մշտապես: Մերձամարտի ընթացքում հակառակորդը հետ է շպրտվել: Նախնական տվյալներով, ադրբեջանցիների կորուստների թիվը 7-ն է: Հայկական կողմում նրանք դիակներ չեն թողել, այլ իրենց հետ քարշ տալով` տարել են: Կրկին նախնական տեղեկություններով, նրանք ունեն ծանր վիրավորներ: Համոզված եմ,որ Ադրբեջանի ԶԼՄ-ները մի քանի օր հետո հայտարարելու են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումների ու զոհերի մասին, որպեսզի կարողանան կոծկել երեկվա իրական զոհերի թիվը»,-ասաց նա:

Սենոր Հասրաթյանը նաեւ հայտնեց, որ ներկայում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկայնքով վիճակը վերահսկվում է ԼՂՀ ՊԲ-ի կողմից «Թեեւ հրադադարը այստեղ ամեն օր խախտվում է, օրինակ, գիշերվա ընթացքում 35 անգամ խախտվել է, սակայն կարող եմ ասել, որ ադրբեջանցիների յուրաքանչյուր դիվերսիա համազոր պատասխանի կարժանանա»,-ասաց ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100