«Մարտի 1»-ի զոհերի հարազատները ցույց էին անում

13:09 | Սեպտեմբեր 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ո՞ւր են մարտի 1-ի մարդասպանները» ցուցապաստառով 2008թ. մարտի 1-ին սպանված զոհերի 10 լուսանկարներով այսօր ԵԽԽՎ երեւանյան գրասենյակի առաջ էին հավաքվել զոհերի հարազատներն ու ընկերները: Նրանք գրեթե 1 ժամ լուռ կանգնեցին այնտեղ, այնուհետեւ նամակ փոխանցեցին ԵԽ գլխավոր քարտուղարին եւ ԵԽԽՎ նախագահին:

«Այսօր լրանում է մեր զավակների սպանության երկուսուկես տարին: Երկուսուկես տարի առաջ այս օրը մեր երեխաները ոգեւորված հավաքվել էին ֆրանսիական դեսպանատան առաջ` հույս ունենալով, որ ինչ որ բան կփոխվի, բայց գնդակահարվեցին: Երկուսուկես տարի է անցել, մինչ օրս որեւէ բան չի բացահայտվել»,- ասաց ակցիայի մասնակից, «Չերյոմուխա 7» տեսակի զենքից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը` ավելացնելով, որ հույսեր էլ չեն կապում, պարզապես ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից առաջ եկել են հիշեցնելու եվրոպացիներին իրենց հարցի չլուծված լինելու մասին:

Ակցիայի մեկ այլ մասնակից մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը հիշեցրեց, որ արդեն 5-րդ նմանատիպ նամակն են հանձնում, բայց անօգուտ: Նա այս անգամ էլ որեւէ ակնկալիք չունի, նա վստահ է, որ կհասնեն արդարության եւ սպանությունների բացահայտմանը միայն իշխանափոխությունից հետո;

Ի դեպ, վանկարկումներով եւ երկու մահացած զինծառայողների լուսանկարներով գրեթե 10 մարդ նույն պահին հավաքվել էին Կառավարության շենքի առաջ: Նրանք էլ պահանջում էին բացահայտել իրենց որդիների իրական սպանողներին:

«Գոնե մի բան անեն, որ մենք հանգստանանք, եթե չէ, ես թոռնիկիս եմ պահանջում: Մեզ կանչել են, ոչ մի պատասխան չեն տվել, արհամարհում են»,-դժգոհում էր զոհված զինծառայող Խաչիկ Գրիգորյանի տատ Հեղինե Պետրոսյանը:

Հարազատներից մեկ ուրիշն էլ ավելացրեց, թե եկել են, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը տեղեկանա, որ հարցը այսպես անլուծելի չպետք է թողնի ու հրամանատարներն էլ ազատ ման գան. «Եթե պատերազմի ժամանակ զոհվեր, ձայն չէինք հանի, բայց խաղաղ պայմաններում, հայի ձեռքով, այդ ներելի չէ»:

 

 

Share |
Rambler's Top100