Ադրբեջանում էլ հացի խնդիր կա

16:32 | Սեպտեմբեր 01, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մշտական ցածր արտադրողականությանը գումարվում են անբարենպաստ եղանակային պայմանները եւ հացահատիկի ներմուծման հետ կապված խնդիրները:

Սաբուհի Մամեդլի, Կովկաս

Ադրբեջանում հացի գների թանկացում է նկատվում վատ բերքի, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկի ներմուծման դադարեցման պատճառով:

Պետական վիճակագրական գործակալության տվյալներով`այս տարի հացահատիկի բերքը կազմել է 1.3 միլիոն տոննա, ի տարբերություն 2009-ի ցուցանիշի, որը կազմել էր 2 միլիոն տոննա:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով`այս տարվա վատ բերքատվության պատճառը գարնան հորդառատ անձրեւներն են:

Այս ամենի հետեւանքով հացահատիկն է թանկացել: Այժմ մեկ կիլոգրամն արժե 25-30 քափիկ (մոտավորապես 35 ցենտ)`անցյալ տարվա 15 քափիկի փոխարեն:

Սա չէր կարող չանդրադառնալ հացի գների վրա, եւ այժմ սովորական հացի բոքոնը Բաքվում արժե 40 քափիկ`10 քափիկով ավելի, քան եղել է տարվա սկզբին:

«Իսկ եթե որեւէ տեղ հացի գինը չի բարձրացել, փոխարենը քաշն է պակասել: Այս պահին գրեթե բոլոր խանութներում սովորական հացի բոքոնի քաշը կազմում է 200-250` 400-ի փոխարեն», - ասում է «Կենսամակարդակ» կենտրոնի փորձագետ Քադիր Իբրահիմլին:
Ադրբեջանական ընտանիքները գնաճի հետ կապված արդեն իսկ ֆինանսական խնդիրներ ունեն:

Բաքվի 47-ամյա բնակիչ Ռաֆիկ Օրուջովը, ով մասնագիտությամբ շինարար է եւ ամսական 250 մանաթ (312 դոլար) է ստանում, նման խնդիրներ ունի:

«Ընտանիքս մեծ է, եւ միակ աշխատողը ես եմ: Օրական 3-4 հաց ենք գնում: Ժամանակին հացը 30 քափիկ արժեր, իսկ հիմա`40: Նշանակում է`մենք օրական 30-40 քափիկ ավելի ենք ծախսում, չնայած չորս տարվա ընթացքում իմ աշխատավարձը չի բարձրացել: Եթե գնաճը շարունակվի, մեզ միայն կկարողանանք հաց թույլ տալ, որովհետեւ մնացածի համար էլ փող չի մնա», - դժգոհում է նա:
Որպես կանոն, հացահատիկի պակասը ներմուծման հաշվին է լրացվում, սակայն փորձագետները նշում են, որ տարածաշրջանային հիմնական արտադրողները` Ռուսաստանը եւ Ղազախստանը, այլեւս հացահատիկ չեն վաճառում այս ամռան խիստ երաշտի պատճառով:
Ադրբեջանի վիճակագրական գործակալության տվյալներով`այս տարի 1,85 միլիոն տոննա հացահատիկ է ներմուծվել, ինչը 970 000 տոննայով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից:

«Տնտեսական եւ սոցիալական զարգացում» կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովի խոսքերով`ադրբեջանցի ներմուծողները սովորաբար միայն իրենց հայտնի վայրերից են հացահատիկ գնում:

«Տարածաշրջանում ամենաէժան հացահատիկը Ղազախստանն է առաջարկում: Իսկ հացահատիկի ներմուծման նպատակով նոր երկրներ փնտրելը ծախսեր եւ ժամանակ է պահանջում: Այս ողջ գործընթացը նպաստում է գնաճին», - նշում է նա:

Բայրամովը նաեւ նշում է, որ այս ամենի արդյունքում Ադրբեջանում հացահատիկի պաշարի պակաս է զգացվում ներկայում, եւ մեղադրում է կառավարական մարմիններին իրադրությունը շտկելու համար ոչ բավարար ջանք գործադրելու մեջ:

«Նրանք դեռ պետք է քայլեր ձեռնարկեն հացի պահանջարկը բավարարելու եւ այս ռազմավարական նշանակության ապրանքի պակասուրդը կանխելու համար», - համոզված է Բայրամովը:
Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է արել կառավարությանը վերացնել ներմուծվող հացահատիկի համար գանձվող 18 տոկոս ավելացված արժեքի հարկը, սակայն այս պահանջը մերժվել է:
Բայրամովը կանխատեսում է, որ հացահատիկի ներմուծման գներին զուգահեռ, հացի գները եւս կբարձրանան, մինչեւ ավելացված արժեքի հարկը չվերացնեն:

«Եթե այս միտումը շարունակվի, տարվա վերջին սովորական հացի բոքոնի գինը կհասնի 50 քափիկի», - ասում է նա:
Այս տարվա աղքատիկ բերքը կարելի է վերագրել անբարենպաստ եղանակային պայմաններին, սակայն Ադրբեջանի գյուղատնտեսական սեկտորում ցածր արտադրողականության խնդիրը միշտ էլ եղել է:
Գյուղացիները պնդում են, որ չեն կարող իրենց ժամանակակից սարքավորումներ թույլ տալ եւ նոր մեթոդների դիմել:

Աղջաբադի շրջանում բնակվող Ազաֆ Քազիմովը պատմում է, որ լավ տարիներին իր ընտանիքը կարող էր 20-30 հեկտար հող վարձակալել, սակայն հազվադեպ էր հացահատիկ ցանում այնտեղ:
«Բերքը պահելու համար ամբարներ չկան, այդ պատճառով էլ ստիպված ես վաճառել այն հունիսին կամ հուլիսին շատ ցածր գնով, ինչն այնքան էլ լավ չէ: Մեկ անգամ հացահատիկ ցանելուց հետո, գյուղացին երկրորդ անգամ դա չի անի»:

«Տնտեսական նախաձեռնությունների սոցիալական միությունը» ներկայացնող Ռովշան Ագաեւը պնդում է, որ համատարած գնաճի պայմաններում միակ լուծումը երկրում արտադրողականության բարձրացումն է: Ագաեւի կարծիքով` կառավարությունը պետք է հացահատիկի պաշարներ գնի` ազգային պահեստ ստեղծելու համար:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով`բերքը շատ աղքատ է, եւ երբեմն Եվրոպայում ստացվող բերքի 1/3 մասն է կազմում:
Նախարարությունն իր հերթին նշում է, որ ամեն հնարավորն անում է գյուղացիներին օգնելու համար` նրանց դրամաշնորհներ տրամադրելու միջոցով:

Ղազախի շրջանում բնակվող Իլգար Մուստաֆաեւն ասում է, սակայն, որ կառավարության տրամադրած օգնությունը հօդս է ցնդում կաշառակերության պատճառով:

«Յուրաքանչյուր հեկտար հողի համար կառավարությունը 80 մանաթ է վճարում (100 դոլար), սակայն գյուղացուն միայն 50-60 մանաթն է հասնում, որովհետեւ գումարի որոշ մասը ծախսվում է պաշտոնյաներին կաշառելու վրա», - բացատրում է գյուղացին:

Սաբուհի Մամեդլին «Ազադլիգ» թերթի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100