«Պետք է հասարակությանը պատրաստել հաղթանակների»

13:49 | Օգոստոս 31, 2010 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղյան հարցի լուծման գործում երբեք էլ առանձնակի նշանակություն չեմ տվել գերտերությունների, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության դերին, սակայն այս հարցում կարեւորում եմ միջազգային հանրության դերը»,- «Ա1+»-ին տված հարցազրույցում նշում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:

Նրա խոսքերով` մեր տարածաշրջանում միջազգային հանրությունը իր շահերը կամ հստակեցրել է, կամ դեռ այդ գործընթացի մեջ է, ուստի էլ ամեն երկիր փորձ է անելու «Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնել իր պրիզմայով»:

Արթուր Աղաբեկյանը գտնում, որ մեր միակ ռեսուրսը մենք ենք, մեր տրամադրություններն ու ցանկությունները:
«Չեմ կարծում, որ որեւիցե միջազգային հանրություն կարող է հանդուրժել բնաջնջում, կամ տեղահանում մի հասարակության, որը ցանկություն ունի ապրելու իր հողի վրա»,-նկատում է քաղաքական գործիչն ու ներկայացնում հարցի լուծման իր տարբերակը:

«Պետք է հասարակությանը պատրաստել երկարաժամկետ ապագայի կառուցմանը: Եթե մենք այդ մոտեցումը չորդեգրենք, ապա անորոշ փոխզիջումների մասին լուրերը բերելու են նրան, որ հասարակ գյուղացին, բնատնտեսություն վարողը, ֆերմերը, գործարարն ու շինարարը իրենց հաշվարկները կառուցեն այդ փոխզիջումների վրա»,- ահազանգում է պատգամավորը:

Ըստ նրա` եթե անգամ Ղարաբաղի հարցի լուծման շուրջ իրադարձությունները եւ միջազգային հանրության տրամադրվածությունը ոչ հայանպաստ է, ապա օր առաջ մեր հասարակությանը այդ մասին տեղեկացնելը կնպաստի, որպեսզի Հայաստանի իշխանությունները կարողանան միջազգային հանրությանը հստակ ասել մեր տեսակետը:


«Եթե լուծումը ձեւակերպենք որպես փոխզիջումային լուծում, ապա պետք է հասարակություններին նույնպես պատրաստենք այդ փոխզիջումներին, որն էլ կօգնի, որպեսզի Ղարաբաղի հարցի լուծումը գնա անցավ ճանապարհով: Իսկ եթե հասարակությունը չընդունի նման փոխզիջում, ապա քաղաքական իշխանությունները պետք է անեն իրենց հետեւությունները: Չեմ կարծում, որ Հայաստանում մի իշխանություն կարող է բռնանալ այն աստիճանի, որ հասարակությանը մատուցի այն, ինչ պարտադրվում է»,- համոզված է նա:

Ընդհանրացնելով Արթուր Աղաբեկյանը` գտնում է, որ այնուամենայնիվ Հայաստանը դեռեւս ճիշտ ճանապարհին չէ: Նա համոզված է, որ երբեք չպետք է սպասել որեւիցե երկրի զինվորին, վարձկանին, բարերարին, կամ այլ ազգի ներդնողին, որ գա ու էս երկիրը շենացնի, այլ պետք է անընդհատ աշխատել այս անորոշության շրջանակներում, եւ պատրաստվել նորանոր հաղթանակների: «Իսկ հաղթանակներին պատրաստվելը միայն խրամատն ու զինվորը չէ: Հաղթանակ է, երբ նոր գյուղեր, նոր տներ են կառուցվում, հաղթանակ է, երբ մարդը նոր գործարաններ է կառուցում, երբ մարդն այս հողի վրա կատարում է մեծ ներդրումներ` վստահ լինելով, որ ինքն այն վայելելու է տասնյակ տարիներ»,- «Ա1+»-ին ասաց նա:

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100