ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ԱԺ հենց առաջին նիստում հարց է բարձրացնելու թուրք-ադրբեջանական տանդեմին համարժեք ՀՀ-ԼՂՀ տանդեմ ստեղծելու մասին:
«Հայաստանը պետք է Ղարաբաղի հետ կնքի ռազմաքաղաքական դաշինք, որով ստանձնի Ղարաբաղի անվտանգության երաշխավորի պարտավորությունը: Այդ քայլը բավական լուրջ է եւ ունի ոչ պակաս կշիռ, քան ճանաչումը: Հայաստանի իշխանությունն այդ կապակցությամբ իրականացնում է վախվորած քայլեր, անում է հայտարարություններ, որոնք հիմնականում ներքին սպառման համար են, մինչդեռ պետք են քայլեր, որոնք արտաքին աշխարհի համար կլինեն հստակ եւ կոնկրետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրան խիստ մտահոգում է ԼՂ հիմնախնդիրը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի ջանքերը. սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրվելու ԼՂ հարցի վերաբերյալ նոր բանաձեւ: «Եթե Ադրբեջանը չի լսում թե համանախագահների, թե Հայաստանի հորդորները եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին զուգահեռ այլ ձեւաչափերում է փորձում առաջ մղել, ապա Հայաստանն էլ պետք է անի նույն բանը: Հայաստանի դեպքում այդ զուգահեռ քայլը կլինի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը»,- ասաց Ռուստամյանը:
Ռուստամյանի կարծիքով ՀՀ-ն ու ԼՂՀ -ն ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են զարգանալ առանց ազգային շահերում զիջումներ անելու: Այսինքն, ԼՂ հարցում ՀՅԴ-ն կողմ է «ոչ մի թիզ հող» տարբերակին: «Ա1+»-ի հարցին Ռուստամյանն առաջարկեց բացել եւ կարդալ ԼՂՀ Սահմանադրություն. «Այդ հարցին պատասխանել է ԼՂՀ ժողովուրդը 1991թ. իր ինքնորոշմամբ եւ 2006թ. իր Սահմանադրությամբ»:
Ըստ Ռուստամյանի ԼՂ հիմնախնդիրը շատ նման է 1915թ. Հայոց ցեղասպանությանը, երկու հարցերն էլ պահանջում են միջազգային ճանաչում:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցի ընթացքում ստորագրված հայ-ռուսական համաձայնագրին, Ռուստամյանը ՀՅԴ-ի անունից ողջունեց Հայաստանում ռուսական ռազմակայանների ժամկետի եւ լիազորության ընդլայնումը: «Հայաստանի ռազմական անվտանգությունն 80 եւ նույնիսկ ավելի տոկոսով կախված է ՌԴ-ից: Անվտանգության այլ համակարգի բացակայության պայմաններում Հայաստանն ուղղակի պարտավոր է ամրապնդել եւ խորացնել իր կապը անվտանգության ներկայիս համակարգի հետ»:
Հայ-ռուսական համաձայնագիրը ԱԺ հայտնվելու դեպքում ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու, սակայն վերջնական կարծիք Ռուստամյանը խոստացավ հայտնել համաձայնագրի տեքստին ծանոթանալուց հետո:
Ինչպես ԼՂՀ, այնպես էլ մյուս հարցերի շուրջ ՀՅԴ-ն իր տեսակետներն ավելի մանրամասն հանրությանը կներկայացնի սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզադաշտում նախատեսված հանրահավաքի ընթացքում, որը նվիրված է լինելու ԼՂՀ անկախության տոնին:

